Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով պատմել է՝ ինչ փուլում է իր կողմից ավելի վաղ նախաձեռնած՝ Արցախում 3 խաղահրապարակի մարզասարքերով կահավորելու գործընացքը:
Արսեն Ջուլֆալակյանն ընդգծել է, որ առաջին խաղահրապարակի կահավորումը հաջողությամբ իրականացրել է Ստեփանակերտում, որին միացել է նաև աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը:
Երկրորդ և երրորդ հրապարակերի մարզասարքերը գրեթե պատրաստ են և եղանակների տաքանալուն պես դրանք ևս կտեղադրվեն:Ամբողջ ծրագիրն իրականացնում եմ՝ համագործակցելով Արցախի ԿԳՄՍ փոխնախարար, սամբոյի աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանի հետ:
«Քանի որ տարբեր մարդիկ ժամանակին ցանկացել էին միանալ նախաձեռնությանը, ինչպես նաև ընկերոջս խորհուրդով, որոշեցի երրորդ հրապարակի մարզասարքերի ֆինանսավորման մի փոքր հատված՝ ընդամենը 500$, հանրային կազմակերպել:
Նպատակը, որ Արցախին վերաբերող այս ծրագիրն առավել ներառական լինի և այն մարդիկ, ովքեր ցանկանում են հարաբերականորեն փոքր գումարով լավ գործ անել այնտեղ, ունենան այդպիսի հնարավորություն: Ցանկացողները կարող են գրառման տեսքով, կամ անձնական նամակով տեղեկացնել այդ մասին: Միայն մեկ պայման կա. տրամադրվող գումարը չպետք է 50$-ից պակաս լինի: Այսինքն, առավելագույնը 10 անձ կարող է միանալ այս նախաձեռնությանը:
Ֆիքսված գումարի լրանալուն պես մասնակիցների անունները(ըստ ցանկության) կհրապարակեմ գրառումների հատվածում»,- գրել է Արսեն Ջուլֆալակյանը:
Արսեն Ջուլֆալակյանն ընդգծել է՝ ամբողջ ծրագիրն իրականացնում է՝ համագործակցելով Արցախի ԿԳՄՍ փոխնախարար, սամբոյի աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանի հետ: