Ֆրանսիական Անսիում ավարտվեց բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլը։
Մրցումային վերջին օրը տղամարդիկ մրցեցին 15կմ մասս-ստարտ մրցաձևում։ 35 րոպե 54,8 վայրկյան արդյունքով առաջին տեղը գրավեց ֆրանսիացի Էմիլյեն Ժակլենը։ 35 րոպե 58,3 վայրկյան արդյունքով երկրորդը Ժակլենի հայրենակից Կենտեն Ֆիյոն Մայեն էր։ Լավագույն եռյակը 36 րոպե 5,1 վայրկյան արդյունքով եզրափակեց նորվեգացի Տարեյ Բյոն։
Ընդհանուր հաշվարկում Ժակլենը 371 միավորով առաջատարն է։ Երկու միավոր պակաս ունի Ֆիյոն Մայեն։ 347 միավորով եռյակը եզրափակում է նորվեգացի Վետլե Շոստա Քրիստիանսենը։
Կանանց պայքարում տեղի ունեցավ 12,5 կմ մասս-ստարտ մրցաձևը, որտեղ 35 րոպե 21,7 վայրկյան արդյունքով հաղթող ճանաչվեց շվեդ Էլվիրա Էբերգը։ Վերջինիս 10,7 վայրկյան զիջեց ֆրանսիացի Ժուլիա Սիմոնը։ Լավագույն եռյակը 35 րոպե 33,8 վայրկյան արդյունքով եզրափակեց ռուս Քրիստինա Ռեզցովան։
Ընդհանուր հաշվարկում առաջին տեղն է զբաղեցնում 417 միավոր վաստակած նորվեգացի Մարտե Ռյոյսելանդը։ Էլվիրա Էբերգը 387 միավորով երկրորդն է։ Լավագույն եռյակը եզրափակում է 327 միավոր վաստակած բելառուս Դինարա Ալիմբեկովան։
Աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլը կմեկնարկի 2022 թվականի հունվարի 6-ին գերմանական Օբերհոֆում։