Ֆրանսիական Անսիում տեղի ունեցավ բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հերթական մրցումային օրը։
Տղամարդիկ մրցեցին 12,5 կմ տարածության հետապնդում մրցաձևում, որտեղ 30 րոպե 58,3 վայրկյան արդյունքով հաղթեց ֆրանսիացի Կենտեն Ֆիյոն Մեյեն։ 31 րոպե 14,4 վայրկյան արդյունքով երկրորդը ռուս Էդուարդ Լատիպովն էր։ Լավագույն եռյակը 31 րոպե 14,5 վայրկյան արդյունքով եզրափակեց նորվեգացի Վետլե Շոստա Քրիստիանսենը։
Այս հաղթանակի շնորհիվ Ֆիյոն Մայեն ընդհանուր հաշվարկում շրջանցեց շվեդ բիաթլոնիստ Սեբաստիան Սամուելսոնին և այժմ 315 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Սամուելսոնը, որն ունի 312 միավոր, այսօր գրավեց միայն 11-րդ հորիզոնականը։ Ընդհանուր հաշվարկում 311 միավորով եռյակը եզրափակում է մեկ այլ ֆրանսիացի՝ Էմիլյեն Ժակլենը։
Կանայք մրցեցին 10 կմ հետապնդում մրցաձևում, որտեղ 29 րոպե 27 վայրկյան արդյունքով առաջին տեղը գրավեց շվեդ Էլվիրա Էբերգը։ Վերձինիս 4,2 վայրկյան զիջեց ֆրանսիացի Ժուլիա Սիմոնը։ Երրորդ տեղը 29 րոպե 38,6 վայրկյան արդյունքով գրավեց Էլվիրայի քույրը՝ Հաննա Էբերգը։
Ընդհանուր հաշվարկում 379 միավորով առաջին հորիզոնականն է զբաղեցնում նորվեգացի Մարտե Ռյոյսելանդը։ 327 միավորով երկրորդն Էլվիրա Էբերգն է, իսկ եռյակը 305 միավորով եզրափակում է բելառուս Դինարա Ալիմբեկովան։