VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջին կեսն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ավարտեց մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում։
«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի հետ ArmSport-ը ծավալուն զրույց է ունեցել՝ ամփոփելով մրցաշրջանի առաջին հատվածը և խոսելով գալիք պլաննների մասին։
-Պարոն Արզումանյան, մրցաշրջանի առաջին կեսից հետո «Ուրարտուն» 16 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ Ինչպե՞ս կգնահատեք ակումբի ելույթները։
-Նախորդ մրցաշրջանը լավ ավարտելով՝ վատ հանդես չեկանք նաև եվրագավաթային խաղերում։ Չնայած այն հանգամանքին, որ շուտ լքեցինք պայքարը, թիմի ցուցադրած խաղը որակապես վատը չէր։ Մեկնարկած առաջնությունում ևս խաղերի զգալի մասում որակապես լավ տեսք ունեինք, պարզապես արդյունքի տեսանկյունից ամեն բան չընթացավ այնպես, ինչպես մենք էինք ցանկանում։
Ոչ ցանկալի արդյունքների հետ կապված կարող եմ նշել, որ եղան մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Բայց, ինչ վերաբերվում է խաղի որակին, ընդհանուր առմամբ գոհ եմ։ Իհարկե, միշտ ավելացնելու տեղ կա։
-Հետխաղյա ասուլիսների ժամանակ մի քանի անգամ նշել եք, որ տվյալ հանդիպման սցենարն այնպիսին էր, որ պարտավոր էիք հաղթել, պարզապես հանդիպման վերջնամասում գոլ էիք բաց թողնում, և հանդիպումն ավարտվում էր ոչ-ոքի։ Կա՞ այստեղ որևէ օրինաչափություն։
-Այդպիսի հանդիպումներն այնքան էլ շատ չէին։ Օրինակ՝ «Նոայի» դեմ խաղում հենց այդպես դասավորվեց, և չկարողացանք պահել հաղթանակը, սակայն եղել են նաև այնպիսի հանդիպումներ, որոնցում մենք ենք վերջին րոպեներին գոլ խփել և կորզել հաղթանակը։ Անկախ ամեն ինչից՝ իմ կարծիքով մրցաշրջանի կամ խաղաշրջանի ավարտից հետո մրցաշարային աղյուսակում թիմի զբաղեցրած դիրքը գրեթե միշտ օբյեկտիվ և օրինաչափ է լինում։
Նաև պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մեր թիմում կային մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց մեծ մասն առաջին անգամ է մասնակցում Բարձրագույն խմբի առաջնությանը։ Ակումբի լեգեոներների և երիտասարդ հայ ֆուտբոլիստների համադրությունը թերևս ամենալավն է արտացոլում մրցաշարային աղյուսակում մեր ներկայիս զբաղեցրած դիրքը։
-«Ուրարտուի» համար մեկնարկը կարելի է հաջողված համարել։ Թիմը չորս խաղում տոնեց երեք հաղթանակ։ Սակայն հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո պատկերը փոխվեց․ 12 խաղ, որոնցից միայն երկուսում կարողացաք հաղթանակի հասնել՝ գրանցելով նաև 5-ական ոչ-ոքի և պարտություն։ Արդյո՞ք դադարն էր պատճառը, որ թիմը սկսեց անբավարար արդյունքներ գրանցել։
-Չեմ կարծում, թե դադարն էր նմանատիպ արդյունքների պատճառը, քանի որ դադարը բոլորի համար է։ Պարզապես այդ ժամանակահատվածում մեր 4-5 ֆուտբոլիստներ վնասվածք ստացան և շարքից դուրս մնացին։ Ընդ որում, այդ խաղացողների մեջ էին մտնում հարձակման գծի առանցքային ֆուտբոլիստներից երկուսը՝ Արթուր Միրանյանը և Ջոնել Դեսիրեն։ Կային նաև ֆուտբոլային այլ խնդիրներ, որոնք մարզումների միջոցով փորձում էինք շտկել։ Եվ տեղին է փաստել, որ բացի 1-2 թիմերից գրեթե բոլորը մեր դեմ խաղում էին խորը պաշտպանությամբ։
-Ընթացիկ առաջնության գլխավոր բացահայտումներից մեկը կարելի է համարել Նարեկ Գրիգորյանին։ Նարեկը շատ լավ մեկնարկեց՝ մեկնարկային երկու խաղում դառնալով երկու գոլի հեղինակ, ինչպես նաև ճանաչվելով առաջին ամսվա՝ առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Սակայն, հետագայում Գրիգորյանը կարծես «արգելակեց», և որոշակիորեն «խամրեց» վերջինիս ցուցադրած խաղը։ Ի՞նչ կասեք Նարեկի ելույթների մասին։
-Մենք խոսում ենք երիտասարդ ֆուտբոլիստի մասին։ Եվ, Նարեկից բացի, նույնը վերաբերվում է նաև Նարեկ Աղասարյանին, Խարիտոն Այվազյանին և Սերգեյ Մկրտչյանին։ Բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների մոտ լինում է կայունության պակաս, մանավանդ, երբ վերջիններս Առաջին խմբից են տեղափոխվել Բարձրագույն խումբ։
Նարեկի մոտ իսկապես առաջնության վերջնամասում որոշակի հոգնածություն էր նկատվում, սակայն պետք է փաստենք, որ նա մասնակցել է մեր բոլոր հանդիպումներին, բացի այդ մի շարք հանդիպումներ անցկացնելով նաև երիտասարդական և ազգային հավաքականներում։
Եվ հետո, երբ ֆուտբոլիստը հրավիրվում է ազգային հավաքական, վերջինիս նկատմամբ պահանջները միանգամից մեծանում են։ Բայց չմոռանանք, որ այս տղաները դեռևս երիտասարդ են, և պետք չէ նրանցից ավելին ակնկալել։ Ժամանակի ընթացքում նրանք կարդարացնեն բոլոր սպասելիքները։
-Վերը նշված ֆուտբոլիստները երկու տարի անցկացրել են ԲԿՄԱ-ում։ Նախ, ըստ ձեզ, ի՞նչ է տալիս ԲԿՄԱ նախագիծը հայկական ֆուտբոլին։ Եվ արդյո՞ք այս խաղացողների խաղում նկատվում է դրական փոփոխություն՝ ԲԿՄԱ-ում անցկացրած ժամանակահատվածը հաշվի առնելով։
-Անկեղծ ասած, մինչև ԲԿՄԱ տեղափոխվելն այդքան էլ լավ ծանոթ չեմ եղել այս ֆուտբոլիստների կարողություններին։ ԲԿՄԱ-ում անցկացրած առաջին տարում պարզապես հետևում էի նրանց ելույթներին, իսկ հաջորդ տարում արդեն մրցակցում էի նրանց դեմ՝ որպես «Ուրարտու 2»-ի գլխավոր մարզիչ։ Միանշանակ այնտեղ անցկացրած ժամանակահատվածում տղաներն աճ են գրանցել։
Թե ինչ է տալիս նախագիծը հայկական ֆուտբոլին, այս պահին չէի ցանկանա այդ հարցին անդրադառնալ, բայց կոնկրետ մարզիչը թիմում բավականին լավ աշխատանք է կատարում։
-Գիտեմ, որ դուք կողմնակից չեք տրանսֆերային պատուհանի ընթացքում շատ փոփոխություններին։ Ամռանը թիմը համալրեցին երկու լեգեոներներ, ԲԿՄԱ-ից վերադարձան ակումբի երեք սաները, և ևս երկու այլ հայ ֆուտբոլիստներ։ Գո՞հ էիք կատարած սելեկցիայից, թե՞ այլ ֆուտբոլիստների կարիք զգացվեց։
-Միշտ ցանկությունը մեծ է լինում, որքան հնարավոր է, ուժեղ ֆուտբոլիստներով համալրվել։ Ընդհանուր առմամբ մեր նորեկները օգտակար եղան թիմին։ Խոսքը հատկապես երիտասարդ ֆուտբոլիստների մասին է։ Կարևոր է այն, որ բոլոր ֆուտբոլիստներն առավելագույն կերպով ներդրեցին իրենց ուժերը՝ հանուն ակումբի հաջողության։
Իրականում ես ոչ թե դեմ եմ, որ շատ փոփոխություններ լինեն, պարզապես ինչքան շատ է փոխվում թիմի կազմը, այնքան շատ ժամանակ է պահանջվում ամեն ինչ բալանսավորել։ Թիմին առաջին հերթին կայունություն է անհրաժեշտ։
-Օրերս ակումբից հեռացավ կիսապաշտպան Լիվիո Միլտսը։ Կար տպավորություն, որ նա ընկերական խաղերի ժամանակ իրեն հիանալի էր դրսևորում, սակայն պաշտոնական հանդիպումներում չէր ստացվում ցուցադրել լավագույն խաղային որակները։ Ի՞նչ կասեք Միլտսի ցուցադրած խաղի մասին։
-Ճիշտ եք նկատել․ ընկերական խաղերի ժամանակ Միլտսը բավականին լավ տպավորություն էր թողնում։ Նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է և մարզումների ժամանակ էլ կարողանում էր իր լավագույն որակները ցուցաբերել։ Այստեղ առաջին պլան են գալիս այլ խնդիրներ․ Ոչ բոլոր ֆուտբոլիստներն են կարողանում ադապտացվել նոր միջավայրին։
Մեր երկիրն իր մշակույթով և այլ հանգամանքներով տարբերվում է Եվրոպայից, իսկ Միլտսն առաջին անգամ էր հանդես գալիս իր հայրենիքից դուրս։ Կարծում եմ՝ նրան ամենաշատը խանգարեց այն հանգամանքը, որ իր ընտանիքից հեռու էր և այստեղ միայնակ էր ապրում։ Ամեն դեպքում Լիվիոն փորձում էր թիմին տալ առավելագույնը, և ես շնորհակալ եմ նրան իր բարձր պրոֆեսիոնալիզմի համար։
-«Ուրարտուի» երիտասարդական թիմն 8 թիմերի պայքարում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ Շատերը պնդում են, որ «Ուրարտուն» լավագույն ենթակառուցվածքներն ունի Հայաստանում, և երիտասարդական թիմի ոչ այնքան տպավորիչ արդյունքները մի փոքր անհասկանալի են։ Ի՞նչ կասեք երկրորդ թիմի գրանցած արդյունքների մասին, և արդյո՞ք երիտասարդական թիմը կարողանում է գլխավոր թիմին բավարար կերպով ֆուտբոլիստներ մատակարարել։
-Միշտ պետք է ձգտել ավելիին, և բնականաբար մենք նույնպես ցանկանում ենք հնարավորինս շատ ֆուտբոլիստների ինտեգրել գլխավոր թիմում։ Ամեն դեպքում, քիչ չեն այն ֆուտբոլիստները, որոնք պարբերաբար հանդես են գալիս հիմնական թիմի կազմում՝ Գոռ Լուլուկյան, Ռոբերտ Բաղրամյան, ինչպես նաև վերը նշված ֆուտբոլիստները, որոնք լիիրավ համարվում են հիմնական թիմի անդամներ։
-Պարոն Արզումանյան, եթե մի փոքր շեղվենք, ինչպե՞ս կգնահատեք մանկապատանեկան ֆուտբոլում աշխատող մարզիչների աշխատանքը, և որո՞նք են մանկապատանեկան ֆուտբոլում առկա ամենախորքային խնդիրները։
-Չեմ ցանկանում գնահատականներ հնչեցնել մարզիչների աշխատանքի մասին, քանի որ այդքան էլ կոռեկտ չի լինի։ Միայն կասեմ հետևյալը․ բոլոր պատանի ֆուտբոլիստներին ավելի հասուն ֆուտբոլիստ են դարձնում նրանց հետ աշխատող մարզիչները, հետևաբար նրանք են հիմնական պատասխանատուն այդ պատանիների կայացման գործում։ Ողջ աշխարհում է գործում տվյալ օրինաչափությունը։
-Եթե համեմատենք VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի անցած և ներկայիս մրցաշրջանները՝ Դրական փոփոխություն նկատու՞մ եք, թե՞ ամեն ինչ նույն մակարդակի վրա է։
-Նայած հարցին որ տեսանկյունից նայենք։ Ամենևին չխառնվելով մնացած թիմերի գործերին՝ տեսնում ենք, որ շատ թիմեր ստիպված երեք հայ ֆուտբոլիստ են մտցնում խաղադաշտ, քանի որ կա լեգեոներների լիմիտի առկայություն։ Այդ առումով ԲԿՄԱ-ն շատ լավ նախագիծ է։ Մեր ակումբում էլ յուրաքանչյուր խաղում հանդես է գալիս մինչև վեց հայ ֆուտբոլիստ։ Ընդհանուր առմամբ առաջնության մակարդակը բարձրացել է, քանի որ ակումբներում հանդես են գալիս փորձատռու և ավելի բարձրակարգ լեգեոներներ։
-Շատերը, քննարկելով լեգեոներների լիմիտի հարցը, նշում են, որ պետք չէ արհեստական ոչինչ ձեռնարկել՝ մեծացնելով հայ խաղացողների թիվը։ Եվ բերում են Ռուսաստանի առաջնության օրինակը՝ պնդելով, որ ֆուտբոլիստները սկսում են ավելի բարձր աշխատավարձ ստանալ, և վերջիններիս մոտ աճ չի գրանցվում։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այս թեմայի մասին։
-Այդ հարցին դժվար է պատասխանել, առավել ևս անիմաստ է համեմատական տանել Ռուսաստանի առաջնության հետ։ Մենք պետք է փորձենք օրինակ վերցնել ֆուտբոլային առումով շատ ավելի զարգացած երկրներից։ Իհարկե, ֆուտբոլում մրցակցությունն է նպաստում ֆուտբոլիստի աճին, սակայն խաղի որոշակի կանոններ պետք է մտցնել, որպեսզի իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա։
Մանավանդ արտասահմանից եկած մարզիչներին ամենևին չի հետաքրքրում՝ ակումբն ունի՞ ակադեմիա, թե ոչ, պե՞տք է ժամանակ տրամադրել հայ երիտասարդ ֆուտբոլիստներին, թե ոչ։ Մարզիչներին առաջին հերթին արդյունքն է հետաքրքրում, այդ պատճառով էլ պետք է վերահսկել իրավիճակը։
-Ինչպիսի՞ նախապատրաստական շրջան է անցնելու «Ուրարտուն» մրցաշրջանի երկրորդ կեսից առաջ։
-Հունվարի 8-ից կսկսենք նախապատրաստվել։ Նախատեսվում է նաև մեկ արտասահմանյան հավաք։
-Ակումբից կլինե՞ն այլ հեռացողներ, և ո՞ր դիրքերում ունեք համալրման կարիք։
-Բնականաբար դեռ շատ ժամանակ կա մինչև առաջնության վերսկսվելը, և հնարավոր է, որ մի քանի խաղացողներ հեռանան։ Եթե նայենք վիճակագրությանը, մենք քիչ գոլեր ենք բաց թողնում, բայց և քիչ ենք կարողանում խփել, հետևաբար ավելի շատ հարձակման գծի ֆուտբոլիստի կարիք ունենք։
Անկախ ամեն ինչից, յուրաքանչյուր թիմի պետք են մի քանի համալրումներ, որպեսզի վերջիններս թարմություն մտցնեն թիմի խաղում։ Մեր առաջնային նպաատակն է բարելավել խաղային մոդելը և խաղակցվածությունը։
-Տեղի ունեցավ Ազգերի Լիգայի խաղարկության վիճակահանությունը, որի արդյունքում մեր հավաքականին բաժին հասան Շոտլանդիան, Իռլանդիան և Ուկրաինան։ Ինչպիսի՞ հնարավորություններ ունի մեր ազգային ընտրանին։
-Վերջին երկու տարվա ընթացքում մեր ամենաուժեղ մրցակիցը եղել է Գերմանիայի հավաքականը, իսկ մնացած թիմերը գրեթե մեր մակարդակի էին։ Լավ հնարավորություն է, որպեսզի մեր ընտրանին մրցի նման մրցակիցների դեմ։ Մենք կարողանում ենք հրաշալի խաղով հաղթել Իսլանդիային, բայց տանը խոշոր հաշվով պարտվել Հյուսիսային Մակեդոնիային։ Ավելի շատ կայունություն է անհրաժեշտ, իսկ մեր հավաքականի ֆուտբոլիստներն իսկապես ունակ են լավ հանդես գալու։
Խոակին Կապառոսի գլխավոր ձեռքբերումներից մեկն այն է, որ այժմ նրա տրամադրության տակ գտնվող հիմնական «կորիզը» չեն կազմում 10-12 ֆուտբոլիստներ։ Հիմա շատ ավելի մեծ է այն ցանկը, որոնք պարբերաբար հրավիրվում են, և նրանցից արժանիները խաղալու շանս են ստանում։
-Մի քանի օրից ավարտվում է 2021 թվականը։ Գալիք տարուց առաջ ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին և հայ ֆուտբոլասերին։
-Առաջին հերթին բոլորին կցանկանամ առողջություն և մեր երկրին խաղաղություն։ Շատ կարևոր է ունենալ կայուն խաղաղություն, քանի որ միայն այդ պարագայում կարելի է գրանցել հաջողություններ ոչ միայն ֆուտբոլում, այլև մնացած ոլորտներում։
Հայ ֆուտբոլասերին կցանկանամ ունենալ այնպիսի հաղթական էմոցիաներ, որոնք կային այս տարվա սկզբում, սակայն հետագայում ամեն ինչ վատ ընթացավ։ Տա Աստված, եկող տարի մեր ֆուտբոլային հաջողությունները շատ ավելի տևական և կայուն լինեն։
Սուրեն Մելիքսեթյան