Նոյեմբերի 29, Փարիզ․ հենց այսօր և հենց այստեղ կորոշվի տարվա լավագույն ֆուտբոլիստը։ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։30-ին։
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Ballon d’Or-ը՝ նույն ինքը «Ոսկե գնդակը» ֆուտբոլային ամենահեղինակավոր անհատական մրցանակն է, որ հանձնվում է ֆրանսիական France Football ամսագրի կողմից։
«Ոսկե գնդակը» հանձնվում է 1956 թվականից սկսած։ 2010-2015 թվականներին ամսագիրը ՖԻՖԱ-ի հետ համաձայնություն ձեռք բերեց, և մրցանակը ժամանակավորապես միավորվեց 1991-ից հանձնվող ՖԻՖԱ-ի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի հետ ու անվանափոխվեց FIFA Ballon d’Or-ի:
Այնուամենայնիվ, 2016-ին համագործակցությունն ավարտվեց, բայց ՖԻՖԱ-ն շարունակում է ամեն տարի հանձնել իր առանձին՝ «ՖԻՖԱ-ի Լավագույն խաղացող» (The Best FIFA Men’s Player) մրցանակը։
1956-2006 թվականներին «Ոսկե գնդակի» մրցանակակիրն ընտրվում էր ֆուտբոլային լրագրողների քվեարկությամբ։ 2007-ից քվեարկելու իրավունք ստացան նաև ազգային հավաքականների մարզիչներն ու ավագները։
Սկզբնական շրջանում «Ոսկե գնդակը» նախատեսված էր միայն եվրոպացի ֆուտբոլիստների համար և հայտնի էր «Տարվա եվրոպացի ֆուտբոլիստ» անունով։ 1995-ից այն մեծացրեց շրջանակը՝ ընդգրկելով ցանկացած ծագում ունեցող ֆուտբոլիստների, որոնք ակտիվություն են դրսևորել եվրոպական ակումբներում։ Մրցանակը գլոբալ բնույթ ձեռք բերեց միայն 2007-ին՝ ընդգրկելով ֆուտբոլիստներին ողջ աշխարհից։
ՈՍԿԵ ԳՆԴԱԿ-2021
Այս տարվա մրցանակին հավակնում է 30 ֆուտբոլիստ։ Նրանք են՝
Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի»)
Ն՛Գոլո Կանտե («Չելսի»)
Էրլինգ Հոլանդ («Բորուսիա» Դ․)
Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս»)
Մեյսոն Մաունթ («Չելսի»)
Հարի Քեյն («Տոտենհեմ»)
Ջանլուիջի Դոննարումա («Միլան»/ՊՍԺ)
Կարիմ Բենզեմա («Ռեալ» Մ․)
Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի»)
Նիկոլո Բարելլա («Ինտեր»)
Լիոնել Մեսսի («Բարսելոնա»/ՊՍԺ) Բրունո Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»)
Պեդրի («Բարսելոնա»)
Լուկա Մոդրիչ («Ռեալ» Մ․)
Ջորջիո Կյելինի («Յուվենտուս»)
Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)
Նեյմար (ՊՍԺ)
Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»)
Լաուտարո Մարտինես («Ինտեր») Սիմոն Կյաեր («Միլան»)
Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)
Ժորժինյո («Չելսի»)
Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
Սեզար Ասպիլիկուետա («Չելսի»)
Ռոմելու Լուկակու («Ինտեր»/«Չելսի»),
Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»/«Մանչեսթեր Յունայթեդ»)
Ժերար Մորենո («Վիլյառեալ»)
Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»)
Կիլիան Մբապե (ՊՍԺ)
Լուիս Սուարես («Բարսելոնա»/«Ատլետիկո»)։
ՖԱՎՈՐԻՏՆԵՐԸ
«Ոսկե գնդակ» 2021-ի 30 հավակնորդներից ամենից շատ խոսվում է երկուսի մասին՝ Լիոնել Մեսսիի և Ռոբերտ Լևանդովսկու։

Նշենք, որ արգենտինացին գլխավորում է հեղինակավոր Goal.com-ի կողմից ներկայացված «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշային աղյուսակը, որտեղ Լևանդովսկին երկրորդն է։ ՊՍԺ-ի հարձակվողը լեհ ֆուտբոլիստից նաև առաջ է անցել իսպանական Marca-ի հարցումների արդյունքով։ Նրա օգտին քվեարկել է հարցվածների 34 տոկոսը։
Չնայած Մեսսիի ակումբային կարիերան այս տարի փառահեղ համարել չի կարելի, բայց նա Արգենտինայի հավաքականի հետ վերջապես նվաճեց այդքան բաղձալի Ամերիկայի Գավաթը, իսկ «Բարսելոնայի» կազմում դարձավ Լա լիգայի 2020/21 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն։

Լևանդովսկու փոխարեն խոսում է բացառիկ վիճակագրությունը․ լեհ ֆուտբոլիստը միակն է, որ 2021-ին ավելի քան 50 գոլ է խփել։ Լևանդովսկին Բունդեսլիգայում մրցաշրջանում խփած գոլերի քանակով գերազանցեց Գերդ Մյուլլերի անգերազանցելի թվացող ռեկորդը, «Բավարիայի» հետ հաղթեց Գերմանիայի առաջնությունը, Գերմանիայի Սուպերգավաթն ու աշխարհի ակումբային առաջնությունը։ Նա համարվում էր 2020-ի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը, բայց կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այն չկայացավ և հիմա իսկական ժամանակն է այս մրցանակը ստանալու համար։ Թեև այս կարծիքը կարող են կիսել շատերը, բայց France Football-ի գլխավոր խմբագիր Ֆասկալ Ֆեռեն կարծում է, որ նախորդ տարվա հաջողությունների համար «Ոսկե գնդակի» արժանացնելն անիմաստ է։ Ֆեռեի կարծիքն ընդունել, իհարկե, կարելի էր, եթե ծանոթ չլինեինք Լևանդովսկու նաև այս տարվա ցուցանիշներին։

Ամեն դեպքում, այս մրցանակի համար կարող են պայքարել նաև Կարիմ Բենզեման և Ժորժինյոն։
Ֆրանսիացին այս տարի նախ, տևական դադարից հետո վերադարձավ ազգային հավաքական, ապա նրան օգնեց հաղթել Ազգերի լիգան, իսկ Լա լիգայում ներկայումս լավագույնն է գոլերի և գոլային փոխանցումների քանակով։

Ժորժինյոն «Չելսիի» հետ հաղթեց Չեմպիոնների լիգան, իսկ Իտալիայի հավաքականի հետ դարձավ Եվրո-2020-ի հաղթող։

- Ամենից շատ «Ոսկե գնդակի» մրցանակակիր են դարձել Լիոնել Մեսսին (6 անգամ) և Կրիշտիանու Ռոնալդուն (5 անգամ):
- Նախորդ «Ոսկե գնդակի» (2019) հաղթողը Լիոնել Մեսսին է։
- Վերջին 12 «Ոսկե գնդակ»-ներից 11-ը Մեսսին ու Ռոնալդուն կիսել են իրար միջև։ Միայն 2018-ին Լուկա Մոդրիչը խախտեց այս վիճակագրությունը՝ նվաճելով մրցանակը։ Մոդրիչն այս տարվա 30 հավակնորդների թվում է:
Նշենք, որ այսօր հայտնի կդառնան նաև կանանց «Ոսկե գնդակի» դափնեկիրը, Kopa Trophy-ի՝ «Տարվա լավագույն երիտասարդ» խաղացողի մրցանակակիրն ու Լև Յաշինի անվան մրցանակի հաղթող դարպասապահը։
Ստելլա Բաբլոյան