Բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի հոբելյանական՝ 5-րդ մրցաշրջանին մասնակցում է նաև նորաստեղծ «Գյումրին»: Այս տարի բասկետբոլի Հայաստանի VBET Ա լիգային մասնակցում է 8 թիմ։ Անցկացրած 4 խաղից 2-ում Գյումրիի թիմը հաղթել է, 2-ում՝ պարտվել։ Գյումրիի թիմն իր նորամուտի խաղում առավելության հասավ ՖԻՄԱ–ի նկատմամբ, այնուհետև երկու միավորի տարբերությամբ պարտվեց «Ուրարտուին», 3–րդ տուրում հաղթեց «Արարատին», իսկ երեկ կայացած 4–րդ տուրի խաղում պարտվեց «Էրեբունիին»։
Ակումբի հիմնադիրը գյումրեցի Նորայր Դավթյանն է.
«Իմ ու իմ ընտանիքի մոտ միշտ եղել է սեր դեպի սպորտը: Ես արդեն մի քանի տարի է Punch Boxing պրոմոութերական ընկերության տնօրենն եմ և մեծ հաջողություններ ենք ունեցել բռնցքամարտում՝ աշխատելով հայ բռնցքամարտիկների հետ: Նաև շատ մրցաշարեր ենք կազմակերպել Ռուսաստանում, Եվրոպայում: Երբ տեղափոխվեցի Հայաստան, ցանկացա մնալ սպորտի մեջ: Մոտ 2 տարի և ավելի շփվել եմ Ա Լիգայի ղեկավարության հետ և որոշեցի, որ ստեղծեմ բասկետբոլի թիմ: Իմ անձնական ֆինանսական հնարավորությունները թույլ տվեցին»,-ասում է Դավթյանը:
Նրա խոսքով՝ հիմա դժվար է սպորտում ներդրումներ անել, բայց անում է ամեն ինչ, որ մարզաձևը զարգանա հարազատ քաղաքում ու Հայաստանում:
«Հիմա ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում դժվար է սպորտում կոմերցիոն տեսանկյունից ներդրումներ անել: Իմ էմոցիոնալ ցանկությունն էր, որ Գյումրի քաղաքը թիմ ունենա, քանի որ ես գյումրեցի եմ, իսկ Գյումրին սպորտային հարուստ պատմություն ունի, բասկետբոլն էլ քաղաքում սիրված է եղել: Այս ամենն իմանալով ցանկացա թիմ ստեղծել: Բասկետբոլը թիմային սպորտաձև է, և պետք է ամեն ինչ անենք, որ մեր երկրում թիմային մարզաձևերը զարգանան: Դժվար է մեծ ներդրումներ անել ու ստանալ պրոֆեսիոնալ թիմ, բայց մենք հույս ունենք, որ բասկետբոլը Հայաստանում մեծ ապագա ունի: Կարծում եմ, որ մոտ 3 տարի անց բասկետբոլը կարող է Հայաստանում դառնալ շատ զարգացած ու մասսայական մարզաձև»,-ասում է Նորայր Դավթյանը:
Թիմը մարզում է Արմեն Հովհաննիսյանը: Նրա խոսքով լավ թիմ է հավաքվել, բայց ժամանակ է անհրաժեշտ կայուն խաղ ցուցադրելու համար:
«Բոլորը նոր են մեր թիմում, և նախկինում ոչ մեկի հետ չեմ աշխատել: Երկու հոգի Գյումրիից են, մնացածն այլազգի բասկետբոլիստներ են: Թիմի վիճակը բավարար եմ գնահատում: Նոր թիմ ենք և դեռ աշխատելու շատ տեղ ունենք: Թիմում աուրան շատ բարձր է, բայց մեզ ժամանակ է պետք, որպեսզի կարողանանք իրար ավելի լավ հասկանալ դաշտում»,-ասում է մարզիչը:
Խոսելով ընթացիկ մրցաշրջանում թիմի առջև դրած խնդիրների մասին մարզիչը նշում է. «Պետք է կարողնանք մեր մաքսիմումը տալ և հնարավորինս բարձր տեղ գրավել: Ես չեմ սիրում նախապես ինչ-որ բաներ ասել, բայց անելու ենք ամեն ինչ, որ հնարավորինս բարձր տեղ գրավենք»:
Հովհաննիսյանի խոսքով մարզաձևը Հայաստանում տարեցտարի զարգանում է.
«Բասկետբոլը Հայաստանում հիմա ավելի լավ վիճակում է, քան 5 տարի առաջ: Այդ ժամանակ ստեղծվեց Ա լիգան, ու եկան շատ օտար խաղացողներ: Տարեցտարի ավելի լավ խաղացողներ են գալիս Հայաստան ու բասկետբոլի մակարդակը բարձրանում է:
Ակումբի սեփականատիրոջ նպատակն է բասկետբոլը մասսայականացնել նաև Գյումրիում:
«Իմ երազանքն այն է, որ տեղացի բասկետբոլիստներին զարգացնենք, ու թիմը կազմված լինի գյումրեցիներով, բայց դրա համար շատ խնդրներ կան: Պետք է զրոյից ստեղծել ենթակառուցվածքներ, որպեսզի երեխաները մանկուց մարզվեն: Մեր նպատակն այն է, որ Գյումրիում մեր մարզադահլիճն ունենանք ու կարողանանք քաղաքացիներին սպորտային տոն պարգևել: Հուսով ենք, որ 3-4 տարի հետո կունենանք այդ հնարավորությունը, որովհետև դա շատ կարևոր է Գյումրի քաղաքի համար: Մենք հավատում ենք, որ ճիշտ աշխատանքի դեպքում, բարձրակարգ սպորտային շոու կազմակերպելու դեպքում, կկարողանանք բասկետբոլը Հայաստանում այլ մակարդակի հասցնել»,-ասում է Դավթյանը:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ