Վերջերս Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն ընտրվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) մարզիկների հանձնաժողովի անդամ, ապա դարձել նույն հանձնաժողովի նախագահը։ Այս օրերին էլ նա մասնակցում է UWW-ի տարեկան ամփոփիչ կոնգրեսին։
Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիա մամուլի ծառայության հետ զրույցում Ջուլֆալակյանը մանրամասնել է զբաղեցրած պաշտոնի գործառույթները, ինչպես նաև պատմել, թե ինչ է քննարկվում այս կոնգրեսում։
«Տարեկան գլխավոր կոնգրեսն էր, որի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր։ Վերընտրվեց UWW-ի գործող նախագահ Նենադ Լալովիչը։ Նա միակ թեկնածուն էր։ Կպաշտոնավարի մինչև 2025 թ-ը։
Առաջնայիններից էր Բյուրոյի նոր անդաների ընտրունթյունը։ Այստեղ իրենց թեկնածությունը դրել էին Բյուրոյի նախկին 6 անդամները և իհարկե նոր թեկնածուներ։ Նախկիններից 3- ը պարտվեցին և Բյուրոյի կազմ մտավ 3 նոր մարդ։
Հաջորդ կարևոր հարցը բյուջեի քննարկումն ու հաստատումն էր։ Սահմանադրության մեջ մի քանի կետ փոփոխվեց։ Հաստատվեց ըմբշամարտի զարգացման քառամյա ծրագիրը։ Եվ էլի մի շարք հարցեր, բայց կարևորները, թերևս, սրանք էին։
Հիմա ներկայացնեմ UWW-ի կառուցվածքը և իմ գործառույթները: Բյուրոն բաղկացած է 21 անդամից՝ նախագահ, գլխավոր քարտուղար և 3 փոխնախագահ։ 12-ը հանձնաժողովների նախագահներն են, որոնցից մեկը ես եմ։ Մյուս 4-ը մայրցամաքային ֆեդերացիաների նախագահները։ Այստեղ բոլորն ունեն ձայնի հավասարազոր իրավունք։
Հիմա հանձնաժողովների մասին։ Արդեն նշեցի, որ կա 12 հանձնաժողով, որից մեկը մարզիկների հանձնաժողովն է։ Ընտուրթյունը կատարվում է 4 տարին մեկ անգամ։ Ինչպես են կատարում այս հանձնաժողովի անդամների ընտրությունը։
Մարզիկները, որոնք ցանկանում են դառնալ այս հանձնաժողովի անդամ, դնում են իրենց թեկնածությունը։ Աշխարի առաջնության ժամանակ մարզիկներին տալիս են թեկնածուների անունները, նրանք էլ ընտրում են։ Ձևավորվում է 7 անդամից բաղկացած հանձնաժողով, որտեղ անդամները քվեարկում և ընտրում են հանձնաժողովի նախագահին, որը ինքնաբերաբար դառնում է նաև բյուրոյի անդամ։
Մեր հանձնաժողովը մարզիկների ձայնն է Բյուրոյում։ Ասպեկտները լայն են՝ ըմբշամարտում օրենքների փոփոխության առաջարկից մինչև մարզահագուստ, մրցումների ընտրության վայր, սնունդ, տեղափոխություն, ընդհանուր հավաքների կազմակերպում, մարզիկների դժգոհություններ, դասընթացներ՝ կրթական, հոգեբանական և այլն։
Բացի դրանից, Լալովիչի առաջարկով, ընդգրկվել եմ նաև զարգացման և տեխնիկական հանձնաժողովներում, որպես դիտորդ։ Ձայնի իրավունք չունեմ, բայց կարծիք հայտնել և առաջարկներ անել կարող եմ։ Ինչպես հասկանում եք, աշխատանքների ուղղությունները շատ են և հագեցած»,- նշել է Ջուլֆալակյանը։