Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում տեղի ունեցան CONCACAF-ի գոտու 5-րդ տուրի հանդիպումները։
Կոստա Ռիկայի հավաքականը սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության հասավ Սալվադորի ընտրանու նկատմամբ։ 12-րդ րոպեին հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց Հայրո Էնրիկեսը։52-րդ րոպեին Բրայան Ռուիսը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Եվս վեց րոպե անց տանտերերին առաջ մղեց Սելսո Բորխեսը՝ դնելով հանդիպման վերջակետը։
Ճամայկան տանը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Կանադայի հավաքականի հետ։
Պանաման նվազագույն 1-0 հաշվով առավելության հասավ ԱՄՆ- նկատմամբ։ Հանդիպման միակ և հաղթական գոլը 54-րդ րոպեին խփեց Անիբալ Գոդոյը։
Միակ խոշոր հաշիվը գրանցվեց Մեքսիկա-Հոնդուրաս խաղում, որտեղ «ացտեկները» երեք անպատասխան գնդակ ուղարկեցին Հոնդուրասի դարպասը։ Գոլի հեղինակ դարձան Սեբաստիան Կորդովան, Ռոխելյո Ֆունյեսը և Իրվինգ Լոզանոն։
Հինգ տուրից հետո, վաստակած 11 միավորով, մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Մեքսիկայի ընտրանին։ ԱՄՆ-ն և Պանաման ունեն ութական միավոր։ Կանադայի հավաքականը յոթ միավորով չորրորդն է։
Կոստա Ռիկան ունի վեց, Սալվադորը՝ հինգ միավոր։ Հոնդուրասը և Ճամայկան, ունենալով համապատասխանաբար երեք և երկու միավոր, զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի նախավերջին և վերջին հորիզոնականները։