Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում ավարտվեց խմբային փուլի երկրորդ տուրը:
Առաջին տուրում 0-3 հաշվով «Բավարիային» պարտվելուց հետո, «Բարսելոնան» այս անգամ հյուրընկալվելիա նույն հաշվով զիջեց «Բենֆիկային»: Տանտերերից դուբլի հեղինակ դարձավ Դարվին Նունյեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռաֆա Սիլվան: «Բարսան» ՉԼ-ի 2-րդ անընդմեջ խաղում դարպասին ոչ մի դիպուկ հարված չի կատարում: Կատալոնական ակումբը խաղն ավարտեց 10 ֆուտբոլիստով. 87-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Էրիկ Գարսիան:
Խմբի մյուս խաղում Մյունխենի «Բավարիան» 5 անպատասխան գնդակ ուղարկեց Կիևի «Դինամոյի» դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի ընկան Սերժ Գնաբրին, Լերոյ Սանեն ու Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը:
Այս խաղերից հետո «Բավարիան» 6 միավորով առաջատարն է, «Բենֆիկան» 4 միավորով երկրորդն է, «Դինամոն» մեկ միավոր ունի, իսկ «Բարսան» միավոր չունի: Կումանի թիմը բաց է թողել 6 գնդակ՝ աչքի չընկնելով ոչ մի անգամ: