Կանանց ֆուտբոլի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը Եվրոպայի Մ-17 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ խաղի շրջանակում 1-2 հաշվով պարտվեց Լիտվայի հասակակիցներին:
Առաջինը հաջողության հասավ մրցակիցը՝ հաշիվը բացելով առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին:
Մեր աղջիկները պատասխանեցին երկրորդ խաղակեսի 7-րդ րոպեին. հաշիվը հավասարեցրեց Միլենա Սայադյանը՝ դառնալով բավականին գեղեցիկ գոլի հեղինակ: Այնուամենայնիվ, լիտվացիները կարողացան հաղթանակ կորզել՝ հաղթական գոլը խփելով 73-րդ րոպեին:
Մեկնարկային խաղում մեր ընտրանին 0-5 հաշվով պարտվել էր Խորվաթիայի Մ-17 հավաքականին: Հաջորդ խաղի շրջանակում մրցելու ենք ղազախ աղջիկների հետ: