Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Երևանում ընդունել էր շոտլանդական «Ռեյնջերսին»։
Առաջին կեսում խաղի տեմպը բավականին բարձր էր։ Երկու թիմերն էլ գրոհներ էին ձեռնարկում։ Մեր թիմը բավականին լավ էր գործում նաև պաշտպանությունում։ Պետք է ընդգծել «Ալաշկերտի» դարպասապահ Օգնեն Չանչարևիչի խաղը, որը մի քանի դրվագում փրկեց թիմին վերահաս գոլերից։
40-րդ րոպեին մեր թիմի կազմում երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց Ջեյմսը՝ մրցակցի դարպասապահի դեմ վտանգավոր խաղի համար։
Հայաստանի չեմպիոնը երկրորդ կեսում կռիվ տվեց խաղադաշտում՝ թույլ չտալով մրցակցին զգալ իր թվային առավելությունը։ Մեր թիմը համարձակ գրոհներ էր ձեռնարկում՝ սպառնալով մրցակցի դարպասին, իսկ վերջին րոպեներին, կարելի է ասել, չէր հեռանում մրցակցի կիսադաշտից՝ փորձելով փրկել դիմակայությունը։ Ցավոք, մեր թիմին չհաջողվեց գրոհները գոլերի վերածել և Շոտլանդիայում կրած 0-1 պարտությունը ճակատագրական եղավ մեզ համար։
Ամեն դեպքում, «Ալաշկերտը» պատվախնդիր խաղ անցկացրեց «Ռեյնջերսի» դեմ ու հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։