«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ ֆուտբոլիստները պետք է նորից գնան աշխատավարձի կրճատման, որպեսզի ակումբը կարողանա գրանցել 33-ամյա արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյին։
«Շնորհակալություն եմ հայտնում Պիկեին, որը համաձայնեց աշխատավարձի կրճատման՝ ցանկանալով օգնել «Բարսելոնային»։ Նրա որոշումը մեզ օգնեց գրանցել ֆուտբոլիստների։ Իսկ Ագուերոյին մենք կկարողանանք գրանցել, երբ մյուս ֆուտբոլիստների հետ էլ նման համաձայնության գանք։ Հուսով եմ՝ մյուս ֆուտբոլիստներն էլ իրենց կպահեն այնպես, ինչպես Պիկեն»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում TalkSport-ը։
Հիշեցնենք՝ բուժզննման արդյունքում կատալոնական ակումբի արգենտինացի նորեկի մոտ լուրջ վնասվածք էր ախտորոշվել։ Սպասվում է, որ լավագույն դեպքում նա շարք կվերադառնա հոկտեմբերին։
Ագուերոն այս տարվա հուլիսին է տեղափոխվել «Բարսելոնա»։ Ֆուտբոլիստը կատալոնական ակումբ է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից»՝ ազատ խաղացողի կարգավիճակով։