«Միլանի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Յենս Պետեր Հաուգեն տեղափոխվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»:
Գերմանական ակումբը 21-ամյա նորվեգացի ֆուտբոլիստին վարձակալել է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը: Համաձայնագիրը նախատեսում է տրանսֆերի հետագա գնման տարբերակ:
Հաուգեն «Միլան» էր տեղափոխվել անցյալ տարվա աշնանը «Բոդե Գլիմտից»՝ 5 միլիոն եվրոյի դիմաց: «Ռոսոներիների» կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի հեղինակ:
«Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» մեծ ավանդույթներ ունեցող ակումբ է, որն արդեն իսկ մեծ աղմուկ է բարձրացրել միջազգային ասպարեզում: Ես հետևել եմ թիմի ելույթներին Եվրոպա լիգայում և անհամբերությամբ սպասում եմ «Այնտրախտի» մարզաշապիկը կրելուն», — ասել է Հաուգեն ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում: