Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտն» այսօր՝ հուլիսի 28-ին, կմրցի մոլդովական «Շերիֆի» հետ։ Թիմերի միջև Երևանում կայացած առաջին խաղում մոլդովական թիմը նվազագույն հաշվով հաղթանակ էր տարել։
«Ալաշկերտը», որն օրեր առաջ մնաց առանց գլխավոր մարզչի՝ Ալեքսանդր Գրիգորյանի պաշտոնանկությունից հետո, առաջիկա խաղը կանցկացնի Սերգեյ Էրզրումյանի գլխավորությամբ։
Թիմն արդեն անցկացրել է նախախաղային մարզումը Տիրասպոլում, սակայն հայկական կողմից նախախաղային մամուլի ասուլիս տեղի չի ունեցել։
«Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունից ArmSport-ին հայտնեցին, որ թիմը, բարեբախտաբար, կորուստներ չունի, բոլորը պատրաստ են առաջիկա խաղին՝ բարձր ու մարտական տրամադրվածությամբ։
«Շերիֆի» գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբն էլ իր հերթին նշել է, որ իր թիմի ֆուտբոլիստները մեկշաբաթյա նախապատրաստությանը շատ լուրջ են վերաբերվել։ Նա նաև նշել է, որ Հայաստանում գրանցված 1-0 հաշիվը պատճառ չէ հանգստության համար․ նրանք պետք է պատրաստ լինեն։
«Կարծում եմ՝ հայկական կողմն էլ ապացուցելու բաներ ունի։ Պատրաստ ենք, սպասում ենք այսօրվա խաղին, որպեսզի դուրս գանք խաղադաշտ և պայքարենք մինչև վերջ»,- մասնագետի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը։
«Շերիֆ»-«Ալաշկերտ» հանդիպման մեկնարկը ժամը 21։00-ին է։ Խաղը հայկական հեռուստատեսությամբ չի հեռարձակվի։
Հանդիպումը կսպասարկի շվեդական մրցավարական բրիգադը՝ Բոյան Պանջիչի գլխավորությամբ։