Տոկիոյում աշխատանքներն է սկսել միջազգային օլիմպիական կոմիտեի 138-րդ նստաշրջանը: Բացելով նիստը Բախն ասել է, որ բազում տարակարծիքներ եղան օլիմպիական խաղերի կայացման վերաբերյալ, բայց հաջողվեց համախմբվել Տոկիոյում, գրում է ՀԱՕԿ-ը:
ՄՕԿ-ի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են կորոնավիրուսի համաճարակի հետևանքով կյանքից հեռացածների հիշատակը:Ողջույնի խոսքով հանդես է եկել Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան: Ելույթներ են ունեցել նաև Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն, Ճապոնիայի ԱՕԿ-ի ղեկավար Յասուհիրո Յամաշիտան, Տոկիոյի խաղերի կազմկոմիտեի նախագահ Սեյկո Հաշիմոտոն:
Հրապարակվել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ուղերձը:
«Օլիմպիական խաղերի չեղարկումն ամենահեշտ որոշումը կլիներ, սակայն ՄՕԿ-ն այդ տարբերակն անգամ չի էլ դիտարկել, մենք կստանայինք ապահովագրական վճար և կշարունակեինք նախապատրաստվել Փարիզում 2024թ. կայանալիք խաղերին: ՄՕԿ-ն այդ եղանակով երբեք չի լքում իր մարզիկներին: Աննախադեպ քայլի գնացինք ու հետաձգեցինք խաղերը մեկ տարով: Անկեղծ ասած չգիտեինք, որ ամեն ինչ այսքան բարդ կլինի: Նախկինում նման մարտահրավերների հետ երբեք չենք բախվել: Այս ամենն իրականություն է դառնում մեր ճապոնացի գործընկերների շնորհիվ»,-ասել է Բախը:
ՄՕԿ-ի անդամները կգնահատեն ճապոնացիների կատարած աշխատանքը: Կընտրվի 2032 թվականի ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաքը: Նստաշրջանի շրջանակներում կընտրվեն ՄՕԿ-ի ղեկավար պաշտոնները: