Կիսապաշտպան Մաիլսոն Լիման, ով վերջերս վերադարձել է «Արարատ-Արմենիա», խոսել է երևանյան ակումբ վերադառնալու և առաջիկա մրցաշրջանի մասին։
«Շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ «Արարատ Արմենիա»։ Իմ ծրագրերի մեջ չէր մտնում Էմիրաթներ տեղափոխվելը, սակայն կյանքում այդպիսի պահեր շատ են լինում։ Ֆուտբոլի մեջ չես կարող որևէ բան ծրագրել։
Հասկանում էի, որ շատ շուտով պայմանագիրս ավարտվելու էր և ես կկարողանայի վերադառնալ Եվրոպա։ «Արարատ Արմենիան» առաջինն էր, ով հետաքրքրվեց իմ ծառայություններով և ինձ համար բարդ չէր որոշում կայացնելը։
Ես ունեմ մեծ ամբիցիաներ և կարծում եմ, որ «Արարատ Արմենիան» լավագույն տեղն է ինձ համար, քանի որ ես շատ լավ գիտեմ այս ակումբը, երկիրը և մարդկանց։
Մենք ունենք նոր ֆուտբոլիստներ և նոր մարզչական շտաբ։ Վստահ եմ, որ մինչ մրցաշրջանի սկսելը, մենք կհասցնենք ավելի լավ ճանաչել իրար։
Ինչ վերաբերվում է առաջիկա մրցաշրջանին, ապա մենք ցանկանում ենք հաղթել, և գավաթում, և առաջանությունում։ Գիտեմ, որ իմ թիմակիցները նույնն են ցանկանում։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հասնենք մեր առջև դրված նպատակներին»,- մեջբերում է ֆուտբոլիստին երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։