Ֆրանսիայում երկրպագուն ստորագրահավաք է սկսել Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի՝ Շվեյցարիայի հետ խաղը վերախաղարկելու խնդրանքով։ Այս մասին հայտնում է RTL-ը։
Երկրպագուն վստահ է, որ շվեյցարացիների դարպասապահ Յան Սոմերը վճռորոշ 11-մետրանոցի դրվագում խախտել է կանոնները՝ չլինելով դարպասային գծի մոտ ու առավելություն ստանալով հարվածը հետ մղելու առումով։ Ստորագրահավաքին արդեն ավելի քան 250 հազար մարդ է մասնակցել։
Հունիսի 28-ին Ֆրանսիայի հավաքականը մրցել է Շվեյցարիայի հետ։ Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի այդ հանդիպումը կայացել է Բուխարեստում։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 3-3 հաշվով։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաջողությունը եղել է շվեյցարացիների կողմը՝ 5-4։ Վճռորոշ 11-մետրանոցը Ֆրանսիայի հավաքականի կազմում չի կարողացել անվրեպ իրացնել Կիլիան Մբապեն։