«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տելեգրամյան ալիքում ավարտվել է «Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի քվեարկությունը։ Երկրպագուների կարծիքով ավարտված մրցաշրջանում լավագույնը Արթուր Միրանյանն էր, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
25-ամյա ֆուտբոլիստի օգտին էր քվեարկել մասնակիցների 38 տոկոսը, երկրորդ հորիզոնականում Ուգոչուկվու Իվուն էր (31%), իսկ երրորդ հորիզոնականում` Հակոբ Հակոբյանը (10%):
Մրցանակը ստանալուց հետո Միրանյանը կիսվել է իր տպավորություններով․
«Ուրախ եմ, որ նման մրցանակի արժանացա։ Անկեղծ ասած անսպասելի էր, որովհետև թիմին միացել եմ մրցաշրջանի երկրորդ հատվածում և ոչ բոլոր հանդիպումներին եմ մասնակցել։ Այս մրցանակին արժանի էր մեր թիմի գրեթե յուրաքանչյուր ֆուտբոլիստ, քանի որ իսկապես մեծ ծավալի աշխատանք ենք կատարել ու կարողացել ենք հասնել նրան, ինչին ձգտում էինք։ Բայց այդ ամենն արդեն անցյալ է ու մենք պատրաստվում ենք նոր մրցաշրջանին»,- մեջբերում է ֆուտբոլիստին ակումբի մամուլի ծառայությունը։
Ավարտված մրցաշրջանում Արթուր Միրանյանն «Ուրարտուի» կազմում մասնակցել է 11 հանդիպման ու դարձել 3 գոլի հեղինակ: