Ո՞վ ավելի լավ գիտի ֆուտբոլը. Ֆուտբոլասեր ընկերների շրջանում մշտապես ծագող այս հարցն արդեն շատ հեշտ կարող է գտնել իր պատասխանը՝ շնորհիվ նորաստեղծ Alias Football ժամանցային հավելվածի:
Հավելվածի հիմքում աշխարհում շատ տարածված Alias խաղն է, որի ընթացքում թիմերի անդամները փորձում են տարբեր բառեր ու արտահայտություններ բացատրել՝ նկարագրելով դրանք այլ կերպ, իսկ խաղընկերները պետք է գուշակեն այդ բառերը: Alias Football-ում սովորական բառերի փոխարեն ֆուտբոլիստների, մարզիչների և ակումբների անուններ են:
Հավելվածն ունի հարմարավետ ինտերֆեյս և ֆունկցիոնալ, որի շնորհիվ հնարավոր է նախապես սահմանել խաղի ժամանակն ու հաղթելու համար անհրաժեշտ միավորների քանակը, թիմերի անունները, իսկ արդեն խաղի ընթացքում հավելվածն ինքը կհաշվի ժամանակն ու միավորները: Առաջարկվում է խաղի 2 ռեժիմ՝ դասական և արկադային:
Տարածված խաղի մյուս տարբերակների համեմատ Alias Football-ը ֆուտբոլային լինելուց բացի ունի ևս մեկ յուրահատկություն՝ թեմատիկ փաթեթներ: Բացի մեկ ընդհանուր փաթեթից, որտեղ ամենահայտնի 1500 ֆուտբոլիստները, մարզիչներն ու ակումբներն են, առաջարկվելու են նաև այլ առանձին, հատուկ թեմատիկայի նվիրված փաթեթներ, օրինակ՝ ԵՎՐՈ 2020-ին նվիրված փաթեթը:
«Եթե դու անգլիական ֆուտբոլի ֆան ես, ապա կարող ես խաղալ Պրեմիեր լիգային նվիրված փաթեթը, կամ եթե 2000-ականներին «անգիր գիտեիր» բոլոր ֆուտբոլիստներին, բայց ներկայիս «ջահելներին» չես ճանաչում, կարող ես խաղալ 2000-ականների ֆուտբոլին նվիրված փաթեթը: Իսկ եթե դու բացարձակ ֆուտբոլային գիտակ ես, ապա կարող ես փորձել նաև դժվարության Hard մակարդակը»,-նշում է հավելվածի համահեղինակ Կարեն Հարությունյանը:
Հավելվածը ստեղծվել է Հայաստանում, բայց քանի որ ֆուտբոլիստների ու ակումբների անունների անգլերեն տարբերակները հասկանալի են բոլորին և թարգմանության կարիք չունեն, հեղինակները հույս ունեն, որ այն կխաղան ամբողջ աշխարհում: Նախնական փուլում ինտերֆեյսը հասանելի է 3 լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն և իսպաներեն, հետագայում լեզուները կավելանան:
Հավելվածը անվճար է, հասանելի է Android և iOS համակարգերում: