«Յուվենտուսի» պաշտպան Մաթեյս դե Լիխտը ցանկանում է փոխվել թիմը՝ այնտեղ երկու տարի անցկացնելուց հետո։
Sport.es-ը հայտնում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը զղջում է թուրինյան ակումբ տեղափոխվելու համար և իրեն երջանիկ չի զգում։ Նա ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», որը Դե Լիխտին ցանկանում էր ձեռք բերել դեռ այն ժամանակ, երբ վերջինս հանդես էր գալիս «Այաքսում»։ Ընդ որում Մաթեյսը գիտակցում է, որ հիմա այդ տրանսֆերը քիչ հավանական է։
«Բարսելոնան», իր հերթին, առաջվա պես հետևում է դե Լիխտին ու կփորձի պայմանագիր կնքել նրա հետ, եթե նման հնարավորություն ընձեռնվի։ Աղբյուրը պնդում է, որ ներկայիս պայմաններում գործարքի ամենահավանական ձևաչափը կատալոնացիների և «Յուվենտուսի» միջև ֆուտբոլիստների փոխանակումը կլինի։
Դե Լիխտը թուրինյան թիմ է տեղափոխվել 2019 թվականին «Այաքսից»՝ 85,5 մլն եվրոյի դիմաց։ Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում նա 27 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։