21 մարզիկ ցրտահարվել և մահացել է չինական Գանսյու նահանգում տեղի ունեցած լեռնային ուլտրամարաթոնի ժամանակ։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Բարձր լեռնային մարաթոնը, որի տարածությունը 100 կմ է սահմանվել, մեկնարկել է շաբաթ առավոտյան՝ արևային եղանակային պայմաններում։ Բայց կեսօրին եղանակային պայմանները կտրուկ փոխվել են․ սկսվել է ուժեղ քամի, անձրև ու փոթորիկ։ Երբ ջերմաստիճանը կտրուկ նվազել է, վազորդներից ոմանք սկսել են տեղեկացնել ցրտահարման մասին, իսկ ոմանք էլ անհայտ կորել են։
Մարաթոնի կազմակերպիչները դադարեցրել են վազքն ու 1200 հոգուց բաղկացած փրկարարական ջոկատ են կազմել՝ բարդ տեղանքներում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար։ Դրանք շարունակվել են անգամ մութն ընկնելուց հետո։
Մարաթոնի 8 մասնակից տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանց վիճակի մասին դեռևս տեղեկություն չկա։ Եվս 21 վազորդ մահացած է հայտնաբերվել։
Մահացածների թվում է նաև ազգային երկու ռեկորդի հեղինակ Լյան Ցզինը։ Նա ուլտրամարաթոնների բազմակի հաղղթող է, Չինաստանի երկու ռեկորդ է սահմանել՝ 2014 թվականին հաղթահարելով 149,51 կմ տարածությունը, իսկ 2018 թվականին՝ 151,2 կմ։