ՀՊԼ-ի 15-րդ տուրից հետաձգված խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմամբ։ Նորընծա գավաթակրի դարպասը գրավել են Վադիմ Պարամոնովն ու Արթուր Միրանյանը:
Պարամոնովը «Ուրարտուի» մամուլի քարտուղարության հետ զրույցում ասել է հետևյալը․
«Ծանր խաղ ստացվեց, հաղթեցինք ու դեռ պահպանում ենք շանսերը եվրագավաթային ուղեգիր վաստակելու համար։ Առաջին գոլս խփեցի թիմի կազմում, գոհ եմ նաև այն բանի համար, որ թիմը կարողացավ հաղթանակի հասնել, մեզ համար սա շատ լավ արդյունք էր։
Պետք է տրամադրվենք ու նույն կերպ խաղանք հաղթելու համար, չենք նայելու, թե ով է մրցակիցը, մեզ համար մեր խաղն է կարևոր, կհաղթենք, ու արդեն կերևա, թե ինչ իրավիճակում ենք»,- ասել է Պարամոնովը։