Որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի և ակումբի նախկին նախագահ Ժոզեպ Մարիա Բարտոմեուի միջև փոխհարաբերությունների վերաբերյալ։
Catalunya Radio-ն հայտնում է, որ կատալոնական ակումբի՝ Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկության կիսաեզրափակչում «Լիվերպուլին» պարտվելուց հետո, ֆունկցիոները ժամանել է արգենտինացու բնակարան ու հանդիպել նրա հետ։ Բարտոմեուն Մեսսիից խորհուրդ է հարցրել թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ, բայց Մեսսին պատասխանել է, որ հարցը գլխավոր մարզչի մեջ չէ։
Մեսսին զրույցի ընթացքում հարցրել է՝ որքանով են ճշմարիտ այն շշուկները, թե Անտուան Գրիզմանը Մադրիդի «Ատլետիկոյից» տեղափոխվելու է կատալոնական ակումբ։ Բարտոմեուն ասել է, որ ակումբը պայմանագիր չի կնքել ֆրանսիացու հետ, սակայն մի քանի օր անց այդ մասին պաշտոնապես հայտարարվել է։
Եվս մեկ միջադեպ․ երբ համաճարակի պատճառով «Բարսելոնան», ինչպես մյուս ակումբները, բախվել են ֆինանսական խնդիրների հետ, ֆուտբոլիստները համաձայնել են աշխատավարձի նվազեցման, սակայն որոշ ժամանակ անց Բարտոմեուն ժամանել է թիմի մարզմանն ու ֆուտբոլիստներին խնդրել է ևս մեկ անգամ համաձայնել աշխատավարձի նվազեցման։ Մեսսին կոլեկտիվի անունից պատասխանել է, որ ֆունկցիոներին պետք չէ վստահել ու որ ֆուտբոլիստները այլևս մտադիր չեն կրճատել աշխատավարձերը։
Հիշեցնենք՝ Բարտոմեուն անցած աշնանն է լքել «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը՝ չսպասելով ընտրություններին։ Մեսսիի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև այս տարվա ամառը։