17-ամյա Նիկոլո Պիռլոն՝ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի որդին, պատմել է, թե ինչ կտտանքների է ենթարկվում սոցիալական ցանցերում՝ հոր աշխատանքի անհաջողությունների պատճառով։ Նիկոլոյի խոսքով, նա ամեն օր հաղորդագրություններ է ստանում, որոնցում երկրպագուներն իր մահն են ցանկանում։
Նա հրապարակել է օգտատերերից մեկի՝ իրեն ուղարկած հաղորդագրության սքրինշոթը, որում գրված է․ «Դու և քո հայրը պետք է մահանաք»։
«Ես այն մարդկանցից չեմ, որը քննադատում է ինչ-որ մեկին։ Յուրաքանչյուրն ունի իրավունք ասելու այն, ինչ ցանկանում է։ Ես երբեք չէի ցանկանա, որ ինձնից խլեին խոսքի ազատությունը։
Ծնողներս ինձ սովորեցրել են հաշվի նստել մյուսների կարծիքի հետ։ Բայց ես կարծում եմ, որ ամեն ինչին չափ ու սահման կա։ Եվ այդ սահմանն արդեն անցել են։ Ես 17 տարեկան եմ, ամեն օր նման հաղորդագրություններ եմ ստանում ոչ թե այն պատճառով, որ որևէ վատ բանով եմ զբաղվում, այլ որովհետև ես մի մարզչի տղան եմ, որի աշխատանքը կարող է ինչ-որ մեկին դուր չգալ։
Սրանում է իմ «մեղքը» և պատճառը, թե ինչու եմ ես ամեն օր ստանում հաղորդագրություններ, որոնցում իմ մահն են ցանկանում և վիրավորում են ինձ։ Ես խնդրում եմ գոնե մեկ վայրկյան ձեզ դրեք իմ տեղն ու հարցրեք ձեզ՝ ինչպես կզգայիք դուք»,- գրել է Նիկոլո Պիռլոն Instagram-ում։