ԱԱ-2022-ի ընտրական փուլի 2-րդ տուրի՝ Իսլանդիայի դեմ տնային խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը պատասխանել է լրագրողների հարցերին։
-Լիխտենշտեյնի դեմ խաղում մեր հավաքականը 26 գոլային պահ ստեղծեց, իսկ մրցակիցը՝ 0։ Արդյոք Ձեր մարզչական կարիերայում եղել էին դեպքեր, երբ մրցակիցը որևէ հարված չկատարեր Ձեր թիմի դարպասին։
-Արդեն 40 տարի է՝ մարզչական գործունեությամբ եմ զբաղվում և, իհարկե, եղել են նման դեպքեր։ Ոչ մի խաղ 100 տոկոսով մյուսին նման չի լինում, բայց այս դեպքին նման եղել են։
-Չնայած մեր թիմի ստեղծած բազում գոլային պահերին՝ հաղթական գոլը ստացվեց խփել հանդիպման վերջում․ ինչպե՞ս եք պատրաստվում լուծել գոլային պահերի իրացման հարցը։
-Խաղում ենք շատ ուժեղ հավաքականի դեմ և առաջին հերթին, պիտի շեշտը դնենք հավասարակշռված խաղի վրա։ Մրցակիցը ֆիզիկապես շատ լավ է պատրաստված և այս խաղը, բնականաբար, տարբերվում է նախորդ հանդիպումից։
-Արդյոք հասցրե՞լ եք ծանոթանալ Էդուարդ Սպերցյանի հետ։ Ի՞նչ տպավորություն է նա թողել՝ որպես անձնավորության և արդյոք հնարավո՞ր է, որ նրան տեսնենք առաջիկա խաղերից որևէ մեկի հայտացուցակում։
-Ինձ շատ է դուր գալիս, որ նա իրեն լավ է զգում մեր կոլեկտիվում, ու արդեն կան ֆուտբոլիստներ, որ նրան ճանաչում են։ Սակայն նրան ժամանակ տալ է պետք։ Նա դեռևս ոչ մի մարզում չի անցկացրել հավաքականում, ադապտացիայի համար ժամանակ է պետք տալ։ Շտապել պետք չէ։ Եթե շտապենք, դա կարող է բացասական էֆեկտ տալ։
-Նախորդ խաղում ընդմիջումից հետո փոխարինեցիք Արտակ Գրիգորյանին․ հետաքրքիր է՝ ինչով էր բացատրված Ձեր որոշումը։ Մասնավորապես, ինչո՞ւ Արտակ Գրիգորյանին, այլ ոչ, օրինակ, Սոլոմոն Ուդոյին։
-Մեզ պետք էր ավելի հանգիստ խաղ դաշտի կենտրոնում ու, կարծում եմ, որ դա ավելի լավ պետք է ստացվեր Սոլոմոնի հետ։
-Նախորդ խաղին Հովհաննես Համբարձումյանը բազմաթիվ հարվածներ ստացավ․ արդյոք նա վնասվածք ունի՞ և ի՞նչ վիճակում է Լիխտենշտեյնի դեմ խաղից հետո։
-Հովհաննես շատ լավ աշխատանքն կատարեց առաջին խաղում՝ ինչպես նրա բոլոր թիմակիցները, բայց այդ խաղն արդեն անցյալում է։ Դրան կանդրադառնանք, երբ նորից հանդիպելու կլինենք այդ թիմին։ Բնականաբար, այս խաղի համար մեզ թարմ ֆուտբոլիստներ են պետք, քանի որ շատ մեծ ջանքեր պետք է կատարեն դաշտում։
-Նախորդ հանդիպման համեմատ՝ թիմում կլինե՞ն նոր ֆուտբոլիստներ, թե՞ պատրաստվում եք նույն ֆուտբոլիստներին օգտագործել։
-Անշուշտ, կան ֆուտբոլիստներ, որոնք տրիբունայում էին ու հիմա կլինեն հավաքականի հայտացուցակում։
-Արդյոք ուսումնասիրե՞լ եք Իսլանդիայի հավաքականին և որո՞նք են նրանց ուժեղ և թույլ կողմերը։
-Նախ, կնշեի, որ այս թիմի ֆուտբոլիստներն արդեն երկար ժամանակ է միասին են խաղում, ֆիզիկապես շատ լավ պատրաստված թիմ է։ Այդ պատճառով կարելի է ասել՝ մեզ բավականին դժվար խաղ է սպասվում, բայց մենք մեծ խանդավառությամբ և սպասելիքներով ենք մոտեցել այս խաղին։
-Երկար դադարից հետո երկրպագուները վերջապես կարող են մարզադաշտից աջակցել մեր թիմին․ ինչպիսի՞ նշանակություն ունի դա Ձեզ համար և ի՞նչ խոսք կուղղեք մեր երկրպագուներին խաղից առաջ։
-Ֆուտբոլն առանց մարզասերների հոգի չունի, այնպես որ ֆուտբոլը նրանց կարիքը շատ ունի։ Ֆուտբոլը կիրք է և կիրքը հաղորդում են այն մարդիկ, որոնք տրիբունայում են։ Այնպես որ, շատ ուրախ ենք, որ մարդիկ ներկա կլինեն մեր խաղին։