Արդեն որերոդ անգամ միջազգային խոշոր մրցաշարերի ընտրական փուլում մեզ բաժին է հասնում եվրոպական այս գաճաճ երկրի ընտրանին։ ԱԱ-2022 ընտրական փուլի մեկնարկը Հայաստանի հավաքականի համար կսկսվի Լիխտեյնշտեյնում՝ մարտի 25-ին (հանդիպման մեկնարկը՝ 23։45)
Մինչ այժմ Հայաստանի և Լիխտեյնշտեյնի հավաքականները հանդիպել են 4 անգամ։ Բոլոր հանդիպումներն էլ կայացել են վերջին 3 տարվա ընթացքում։ Առավելությունը մեր ընտրանու կողմն է՝ 2-ական հաղթանակ և ոչ-ոքի։ Սակայն հարկ է նշել, որ մրցակցի հարկի տակ մեր տղաները դեռ չեն հաղթել․ հուսանք այս անգամ այդ բացը մեր հավաքականը կլրացնի։
2018թ Հայաստան-Լիխտեյնշտեյն 2։1
2018թ Լիխտեյնշտեյն-Հայաստան 2։2
2019թ Հայաստան-Լիխտեյնշտեյն 3։0
2019թ Լիխտեյնշտեյն-Հայաստան 1։1
Լիխտեյնշտեյնի հավաքականը իր առաջին հանդիպումը անցկացրել է 1982 թվականի մարտի 9-ին՝ Շվեյցարիայի հավաքականի դեմ։ Ամենախոշոր հաշվով հաղթանակը տարել է 2004 թվականի հոկտեմբերի 13-ին՝ Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 4:0 հաշվով։ Ամենախոշոր հաշվով պարտությունը կրել է 1996 թվականի նոյեմբերի 6-ին Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից՝ 11:1 հաշվով։
Հայաստանի հավաքականը՝ Ռեյնպարկ մարզադաշտում․ 2019թ
Հավաքականը 1998 թվականից սկսած իր տնային հանդիպումներն անցկացնում է «Ռայնպարկ» մարզադաշտում, որը գտնվում է Վադուցում։ Մարզադաշտը կարող է ընդունել մինչև 6000 հանդիսականի։ Սակայն հայտնի պատճառներով, Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը կանցկացվի փակ դռների ետևում։
Ազգային հավաքականի նոր մարզիչ Մարտին Ստոկլասան հրապարակել է իր հավաքականի կազմը ՝ առաջիկա երկու միջազգային խաղերի համար Հայաստանի, Հյուսիային Մակեդոնայի և Իսլանդիայի դեմ:
«Հեշտ չէր որոշել, թե ում ընդգրկել հայտացուցակում առաջին երեք հանդիպումների համար։ Մասնավորապես, երիտասարդները գործնականում իրենց մակարդակն ապացուցել են վերջին մի քանի շաբաթների համատեղ մարզումների ընթացքում: Այդ պատճառով դա մասամբ ինտուիտիվ որոշում էր», — ասել է նոր մարզիչը:
41-ամյա գլխավոր մարզիչը, ով երկրի ազգային հավաքականի լեգենդներից մեկն է (113 խաղ, 5 գոլ), խոսել է նաև երեք վետերաններին՝ Դենիս Սալանովիչին, ինչպես նաև Մարսել և Մարտին Բուխելներին հավաքական չհրավիրվելու մասին․ «Ցավոք, Դենիսը վերջերս կրկին վնասվածք է ստացել և վերականգնվելու համար նրան անհրաժեշտ կլինի մոտ երկու-երեք շաբաթ: Ես համաձայնվեցի Մարսել Բուխելի հետ, որ նա այժմ ամբողջովին կենտրոնանա ակումբի վրա, և Մարտին Բուխելը դեռ մի փոքր հետ է մնում մարզումներից, բայց կարող է տարբերակ լինել նրան ընդգրկել վերջնական հայտացուցակում»:
Այս անգամ հավաքականում ընդգրկվել են բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնցից երեքն ընդհանրապես առաջին անգամ են հրավիրվել հավաքական։ Հարկ է նշել, որ նախնական հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 10-ի տարիքը չի գերազանցում 23 տարեկանը։ Փորձառու խաղացողներից հայտացուցակում ընդգրկվել են փորձառու պաշտպաններ Դանիել Կաուֆմանը, Սանդրո Վոլֆինգերը, Մաքիմիլիան Գոպելը, կիսապաշտպան Նիկոլաս Հասլերը։ Եթե թիմի պաշտպանական գիծը բավականին փորձառու է, ապա կիսապաշտպանության և հարձակման գծի մասին նույնը չի կարելի ասել։
Ի դեպ, Մարտին Բուխելը չի ընդգրկվել 23 ֆուտբոլիստներից բաղկացած հայտացուցակում, սակայն ընդգրկվել է ընդլայնված ցուցակում և չի բացառվում, որ Հայաստանի հետ խաղի նախօրեին նա կփոխարինի այդ 23 ֆուտբոլիստներից որևէ մեկին։
Թիմի հայտացուցակը
Ընդլայնված ցուցակում ընդգրկված ֆուտբոլիստներ
FIFA-ի դասակարգման աղյուսակում Լիխտեյնշտեյնի հավաքականը զբաղեցնում է 181-րդ հորիզոնականը, Հայաստանի հավաքականը՝ 99-րդ։
Վար Բաբայան