«Բորուսիան» վերջին 4 տարվա մեջ առաջին անգամ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում է: Եվ դրանում իր մեծ ներդրումն ունի Էրլինգ Հոլանդը, ով «Սևիլիայի» հետ խաղում դուբլ ձևակերպեց։
Թվում է՝ Չեմպիոնների լիգայում Հոլանդ և ռեկորդ արտահայտությունները դարձել են հոմանիշներ։ Ահա մի քանի կարևոր թվեր և փաստեր։
⚽ Նորվեգացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում արդեն 20 գոլ է խփել։ Հոլանդից ընդամենը 14 խաղ է պահանջվել 20 գոլ խփելու համար։ Համեմատության համար նշենք, որ Մեսսին 20 գոլ խփել է Չեմպիոնների լիգայի առաջին 40 խաղերում, իսկ Ռոնալդուին պահանջվել է 56 խաղ 20 գոլի շեմը հատելու համար։

⚽ Հոլանդը Չեմպիոնների լիգայի իր վերջին 6 խաղերում դարձել է 10 գոլի հեղինակ: Նա գոլ է խփել Չեմպիոնների լիգայի վեցերորդ անընդմեջ խաղում և դարձել այս ցուցանիշին հասած ամենաերիտասարդ խաղացողը:
⚽ Հոլանդը դուբլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Սևիլիայի» դեմ պատասխան խաղում։ Ավելի վաղ 20-ամյա նորվեգացին 2 գոլ է խփել Չեմպիոնների լիգայի նախորդ 3 հանդիպումներում ՝ «Սևիլիայի» (3: 2) ու «Բրյուգեի» (3: 0, 3: 0) հետ: Այսպիսով, Հոլանդը դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին խաղացողը, ով 4 խաղում անընդմեջ առնվազն 2 գոլ է խփել։
⚽ Այս պահին 20-ամյա ֆուտբոլիստը դարձել է այնքան գոլի հեղինակ, որքան Քեյնը, Տորեսը, Բեյլը, Ռոմարիոն, Անելկան: Տորեսը մեկ խաղում միջինում 0,25 գոլ ունի, Անելկան ՝ 0,29, Բեյլը ՝ 0,31, Ռոմարիոն ՝ 0,63, իսկ Քեյնը ՝ 0,83: Հոլանդն ունի 1,43: Գրեթե մեկ ու կես գոլ մեկ խաղում: Դա ֆանտաստիկ է․․․
⚽ Իսկ ավելի վաղ Հոլանդը դարձել էր մրցաշարի պատմության մեջ առաջին խաղացողը, ով ՉԼ-ի մեկ մրցաշարում խաղաց երկու տարբեր ակումբների կազմում՝ «Բորուսիայի» և «Զալցբուրգի»:
⚽ Նախորդ մրցաշրջանում, փլեյ-օֆֆում ՊՍԺ-ի հետ խաղում երիտասարդ «վիկինգը» դրվագներից մեկում 60 մետր տարածությունը վազել է 6,64 վայրկյանում: 19-ամյա ֆուտբոլիստը շատ մոտ է եղել թեթև աթլետիկայի ռեկորդին, որը 60 մետր տարածությունում կազմում է 6,34 վայրկյան: Այն պատկանում է ամերկացի արագավազորդ Կրիստիան Կոուլմենին:
⚽ Դեռ «Զալցբուրգի» կազմում հարձակվող Էրլինգ Հոլանդը կրկնել է հոլանդացի Մարկո վան Բաստենի, արգենտինացի Դիեգո Սիմեոնեի ու իվուարցի Դիդյե Դրոգբայի ռեկորդները: Ինչպես հայտնել էր ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը՝ 19-ամյա նորվեգացին դարձել էր մրցաշարի պատմության 4-րդ ֆուտբոլիստը, որը 4 գոլ է խփում Չեմպիոնների լիգայում իր առաջին 2 խաղում: