Հայաստանի ազգային հավաքականի և «Նոայի» կոլումբահայ պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը Vbet Հայաստանի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրից հետաձգված խաղում իր առաջին գոլը խփեց երևանյան թիմի կազմում ու նպաստեց «Նոայի»՝ 3-1 հաշվով հաղթանակին:
ArmSport-ը 25-ամյա ֆուտբոլիստի հետ խոսել է «Լոռիի» հետ երեկվա խաղի, Հայաստանում խփած առաջին գոլի ու ազգային թիմից կրկին հրավեր ստանալու հավանականության մասին:
-Ի՞նչ տպավորություններ ունես «Լոռիի» հետ խաղում տարած հաղթանակից:
-Կարծում եմ՝ արժանի էինք հաղթանակի: Առաջին իսկ րոպեից հարձակվում էինք, խաղում էինք եզրերում, բավականին լավ էինք գործում նաև պաշտպանությունում: Ինչպես միշտ, այսօր ևս հաղթանակը հեշտ չտրվեց: Դրա համար քրտնաջան աշխատանք է անհրաժեշտ:
-«Լոռին» ինչպիսի՞ մրցակից է:
-Նրանք կարողանում են օգտվել իրավիճակից, մի քանի օր առաջ կայացած խաղում մենք մեր լավագույն վիճակում չէինք, ու նրանք կարողացան օգուտ քաղել դրանից: Այս անգամ՝ մեր հարկի տակ, ամեն ինչ այլ էր, բայց նրանք պահ ունեցան ու մեզ գոլ խփեցին տուգանայինից, որն ի դեպ, իմ կարծիքով, նշանակվել էր մի խախտման համար, որը չկար:Ինչևէ, «Լոռին» լավ թիմ է:
-Առաջին գոլդ խփեցիր «Նոայի» կազմում: Ի՞նչ զգացողություններ ունես:
— Ինձ համար դա հիանալի գոլ էր, քանի որ ես իսկապես շատ էի ցանկանում գոլ խփել, ու փառք Աստծո՝ այսօր կարողացա դա անել: Առաջինն էր «Նոայում», բայց հուսով եմ՝ կշարունակեմ գոլեր խփել ու գոլային փոխանցումներ կատարել:
-Ու՞մ ես նվիրում գոլդ:
-Գոլս նվիրում եմ կնոջս ու աղջկաս, ովքեր մարզադաշտում էին: Բայց այս գոլս նաև իմ ընտանիքի բոլոր կանանց համար է՝ իրենց համար այս առանձնահատուկ տոնի առթիվ:
-Չեմպիոնության համար պայքարը խոստանում է շատ թեժ լինել: «Նոան» էլ երեկվա հաղթանակից հետո կարևոր քայլ կատարեց այդ պայքարում: Ձեր թիմի շանսերն ինչպե՞ս կգնահատես:
-Կարծում եմ՝ մենք ունենք բոլոր շանսերը: Ամեն ինչ մեր ձեռքերում է: Պետք է շարունակենք միավորներ հավաքել ու կենտրոնանալ մեր նպատակների վրա:
-Հայաստանի ազգային հավաքականից հրավերի սպասո՞ւմ ես:
-Այո սպասում եմ, բայց եթե դա այս անգամ տեղի չունենա, միևնույն է՝ կշարունակեմ քրտնաջան աշխատել ու մի օր նորից հրավիրվել հավաքական՝ միևնույն ժամանակ վայելելով անցկացրած ամեն պահը ֆուտբոլում: