«Մոնրեալ Իմպեկտի» գլխավոր մարզիչ Թիերի Անրին կգլխավորի Չեմպիոնշիփում հանդես եկող «Բորնմութը»։ Այս մասին գրում է Mirror-ը։
Անգլիական ակումբում վստահ են, որ Անրին կհամաձայնի ընդունել իրենց առաջարկը։
43-ամյա Անրին գլխավորում էր «Բորնմութի» գլխավոր մարզչի թեկնածուների ցուցակը, որի մեջ կային նաև Անրիի նախկին թիմակից, «Արսենալի» նախկին կիսապաշտպան Պատրիկ Վիեյրայի, «Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Թերիի ու «Հադերսֆիլդի» նախկին մարզիչ Դևիդ Վագների անունները։
2016-2018 թվականներին Անրին աշխատել է որպես Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնական։ 2018-ի հոկտեմբերին ֆրանսիացին նշանակվեց «Մոնակոյի» գլխավոր մարզչի պաշտոնում։ 2019-ի հունվարին թիմի մի շարք խաղացողների հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով ակումբը Անրիին ժամանակավորապես զրկեց թիմի գլխավոր մարզչի պարտականություններից, ինչից հետո Անրին հեռացվեց աշխատանքից չգոհացնող արդյուքնների պատճառով։ 2019-ի նոյեմբերին կանադական «Մոնրեալ Իմպեկտ» ակումբը, որը հանդես է գալիս MLS-ում, հայտարարեց Անրիին գլխավոր մարզիչ նշանակելու մասին։