Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, ամենայն հավանականությամբ, կշարունակի իր աշխատանքը նվազագույնը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Երեկ՝ հունվարի 20-ին, «սերուցքայինները» սենսացիոն կերպով դուրս մնացին Իսպանիայի Գավաթից՝ պարտվելով Իսպանիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ալկոյանոյի» հետ 1/16 եզրափակչում։ Լրացուցիչ ժամանակում, երբ հաշիվը 1-1 էր, «Ալկոյանոն» մնաց 10 հոգով, բայց ավելի ուշ նաև երկրորդ գոլը խփեց և հաղթանակի հասավ։
Marca-ն հայտնում է, որ Իսպանիայի Գավաթում ձախողումը չի ազդել «Ռեալի» ղեկավարության՝ Զիդանի հանդեպ տրամադրվածության վրա։ Նրանք առաջվա պես ցանկանում են սպասել մինչև մրցաշրջանի ավարտը, որպեսզի գնահատեն թիմի արդյունքները գլխավոր մրցաշարերում՝ Պրիմերայում և Չեմպիոնների լիգայում իր ելույթներով։ Անձամբ ֆրանսիացի մասնագետը պատրաստ չէ որոշում կայացնել հեռանալու վերաբերյալ և այս պահին մտադիր չէ հրաժարական տալ։