Հայաստանի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն այսօր` դեկտեմբերի 17-ին, նշում է ծննդյան 48-րդ տարեդարձը:
ArmSport-ի խմբագրակազմը շնորհավորում է անվանի մասնագետին ծննդյան օրվա առթիվ` մաղթելով առողջություն և նորանոր հաջողություններ:

Արթուր Պետրոսյանը ծնվել է 1971-ին Գյումրիում:
Կարիերան սկսել է Գյումրիի «Շիրակում»: 1989-98 և 1999-ից 2000 թվականների ընթացքում Պետրոսյանը մասնակցել 318 հանդիպման և դարձել 142 գոլի հեղինակ:
2000 թվականից Պետրոսյանը տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ խաղացել է նախ «Յանգ Բոյզի» (70 խաղում 15 գոլ), ապա «Ցյուրիխի» կազմում (45 խաղում 15 գոլ):
Հայաստանի ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուներից մեկը 1996 և 2000 թվականներին ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ 1997 թվականին լավագույն ռմբարկու:
Պետրոսյանը 1992, 1994, 1999 թվականներին «Շիրակի» հետ նվաճել է Հայաստանի առաջնության չեմպիոնի տիտղոսը, 1996, 1999 թվականներին՝ Սուպերգավաթը: 1999/00 մրցաշրջանում հանդես գալով «Մակքաբի Պետահ Տիկվայի» կազմում նվաճել է Իսրայելի Տոտո Գավաթը, իսկ ակումբային կարիերայի ամենալուրջ ձեռքբերումները կապված են շվեյցարական ակումբների հետ: 2004/05 մրցաշրջանում «Ցյուրիխի» հետ Պետրոսյանը հաղթել է շվեյցարական Սուպերլիգան, իսկ 2005/06 մրցաշրջանում ՝ երկրի Գավաթը:

1996 թվականին «Բոկա Խունիորսի» հետ պատմական ընկերական խաղում (1:1) Պետրոսյանը 53-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի պատասխան գնդակը: Հայաստանի հավաքականի դեմ ընկերական խաղին մասնակցում էր նաև լեգենդար Դիեգո Մարադոնան, ով իր թիմի ավագն էր:
2006 թվականին «Ցյուրիխի» կազմում կարիերան ավարտելուց հետո Պետրոսյանն անցել է մարզչական աշխատանքի` գլխավորելով ակումբի մանկապատանեկան և պատանեկան թիմերը:
2011 թվականին նրա գլխավորած «Ցյուրիխի» Մ18 տարեկանների թիմը դարձել է Շվեյցարիայի չեմպիոն, իսկ մարզչական PRO կարգի արտոնագիր Պետրոսյանը ստացել է 2016 թվականին:
Արթուր Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2016 թվականի հոկտեմբերին: