«Արարատ-Արմենիայի» առաջատար ֆուտբոլիստներից մեկը՝ Մաիլսոն Լիման, հեռացել է երևանյան ակումբից: Նա կարիերան կշարունակի Արաբական միացյալ Էմիրությունները ներկայացնող «Դիբբա Ալ-Հիսն» ակումբում:
Այս մասին հոլանդացի ֆուտբոլիստը հայտնել է Instagram-ի իր էջում կատարած գրառմամբ.
«Ուրախ եմ, որ պայմանագիր եմ կնքել «Դիբբա Ալ-Հիսն» ակումբի հետ: Կներդնեմ ողջ ոժերս ինչպես ակումբի, այնպես էլ իմ անձնական նպատակներին հասնելու համար»,- գրել է 26-ամյա ֆուտբոլիստը:
Նախորդ գրառմամբ էլ Լիման հրաժեշտ է տվել «Արարատ-Արմենիայի» երկրպագուներին ու նշել, որ երբեք չի մոռանա Հայաստանում անցկացրած ժամանակը.
«2 հիանալի տարի եմ անցկացրել «Արարատ-Արմենիայում»՝ 2 անգամ դառնալով երկրի չեմպիոն, 1 անգամ էլ սուպերգավաթակիր: Հիանալի պահեր եմ անցկացրել Եվրոպա լիգայում:Ճանաչվել եմ ինչպես Հայաստանի առաջնության, այնպես էլ՝ ակումբի լավագույն ֆուտբոլիստը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, ակումբի անձնակազմին և թիմի հետ կապ ունեցող բոլոր մարդկանց՝ ինձ մշտապես հավատալու համար: Երբեք չեմ մոռանա Հայաստանում անցկացրած ժամանակը: Բոլորիդ լավագույնն եմ մաղթում ապագայում: Աստված մեծ է»,- գրել է Լիման ու տեղադրել այս լուսանկարը: