Լա Լիգայի ղեկավար Խավյեր Տեբասը պատասխանել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի խոսքերին, որը հայտարարել էր, որ չէր կարելի անցկացնել Պրիմերայի 18-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ խաղը (0-0)` հաշվի առնելով եղանակային պայմանները:
«Բարկացած եմ «Ռեալի» տարբերակից: Ուրբաթ օրը ես ավելի քան 14 անգամ խոսել եմ նրանց գլխավոր տնօրենի հետ ու ասել, որ եթե ակումբն անհանգստացած է, ապա ավելի լավ կլինի շարունակել մարզումներն ու խաղին մեկնել մեկ այլ օր, բայց նա ասաց «ոչ»:
Չգիտեմ, թե մինչև մեկնումը Զիդանն ինչ տեղեկատվության է տիրապետել: Ես մարզիչներից այնքան արդարացումներ եմ լսել, երբ խաղի արդյունքն ի օգուտ իրենց չի դասավորվել: Այնպես որ այս դեպքը դրանցից մեկն էր:
Կզանգեմ Պերեսին, քանի որ ինձ բացարձակապես դուր չի գալիս տեղի ունեցողը: Խաղին մեկնելու վերջնական որոշումը կայացվել է «Ռեալի» կողմից»,-Տեբասի խոսքերն է փոխանցում Marca-ն: