Ռումինական հեռուստատեսությունն ուսումնասիրել է ՉԼ խմբային փուլի 6-րդ տուրի՝ ՊՍԺ-«Բաշաքշեհիր» սկանդալային խաղի առաջին րոպեները։ Հիշեցնենք, որ այն ընդհատվեց 14-րդ րոպեին ու ավարտին հասցվեց միայն հաջորդ օրը։
Տեսաձայնագրություններում այսպիսի խոսքեր են լսվում․ «Իմ երկրում ռումինացիներին ցիգան են կոչում, բայց ես չեմ կարող նրանց «ցիգան» անվանել»։ Digisport-ի տեղեկություններով՝ այս խոսքերը պատկանում են «Իսթանբուլի» գլխավոր մարզիչ Օքան Բուրուքին։ Թուրքական ֆուտբոլի փորձագետները հաստատել են, որ ձայնագրությունում առկա ձայնը պատկանում է 47-ամյա մասնագետին։
Նշվում է, որ Բուրուքն ու «Իսթանբուլի» մարզիչ Պյեռ Վեբոն՝ շտաբի մի քանի անդամների հետ միասին, խաղի սկզբից գոռում էին գլխավոր մրցավար Օվիդիու Հացեգանի ու ռեզերվային մրցավար Սեբաստյան Կոլչեսկուի վրա։
«Իսթանբուլի» պահեստայինների նստարանից մրցավարներին ուղղված այսպիսի խոսքեր էին լսվում․ «Դուք դեռ կգաք Թուրքիա»։
10-րդ րոպեին Հացեգանը դեղին քարտ ցույց տվեց թուրքական թիմի խաղացող Մահմութ Թեքմեդիրին։ Մարզչական շտաբը պոռթկաց․ «Սա առաջին ֆոլն է, էյ։ Առաջին ֆոլը։ Ի՞նչ եք մտածում։ Սա ի՞նչ է։ Սա բասկետբո՞լ է։ Բասկետբոլի պես սա առաջին թիմային ֆոլն է։ Մենք շատ մաքուր ենք խաղում։ Սա տակտիկա է։ Նա ռումինացի չէ, ռումինացի չէ։ Դուք դեռ կգաս Թուրքիա»։
Այդ պահին Կոլցեսկան շրջվում է դեպի Հացեգանն ու ասում․ «Արդեն քեզ ասացի, որ նա իրեն շատ վատ է պահում։ Օվի, նա իրեն վատ է պահում»։ Շատ հավանական է, որ այս խոսքերը Վեբոյին էին վերաբերում։
Հիշեցնենք, որ 14-րդ րոպեին Կոլչեսկուն Վեբոյի մասին ասել էր․ «այդ սև տղան»։ Դրանից հետո խաղն ընդհատվեց ու թիմերը հրաժարվեցին շարունակել հանդիպումը։