«Ուրարտու-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Արամ Հակոբյանին, ինչպես հայտնի է, փոխարինել է Ռոբերտ Արզումանյանը։ Երևանյան ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում Ռոբերտ Արզումանյանը խոսել է նոր մարտահրավերի մասին.
– Նշանակվել եք «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ, ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։
– Շատ ուրախ եմ: «Ուրարտուն» ունի Հայաստանի լավագույն ակադեմիան է և իմ կարծիքով, այստեղից ավելի շատ ֆուտբոլիստներ պետք է առաջին թիմ տեղափոխվեն, քան նախկինում եղել է, քանի որ այս ակումբն ունի բոլոր հնարավորությունները։
– Այս պաշտոնում փոխարինում եք Արամ Հակոբյանին, որը բավականին մեծ ծավալի աշխատանք է կատարել։ Ի՞նչ կասեք այդ մասին։
– Հետևել եմ թիմի ելույթներին, կարող եմ ասել, որ Արամ Հակոբյանն ու իր մարզչական շտաբը շատ լավ աշխատանք են կատարել։ Կփորձեմ ավելին ներդնել, որպեսզի թիմը մեկ քայլ առաջ կատարի։

– Ինչպիսի՞ ծրագրեր կան առաջիկայում։
– Մինչ մարզումները սկսելը, ծրագրերը կապված են ֆուտբոլիստներ ուսումնասիրելու, նրանց ավելի լավ ճանաչելու հետ։ Նպատակ ունենք երիտասարդացնել կազմը։ Մարզումները սկսելու ենք հուլիսի 16-ից ու փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր երիտասարդ ֆուտբոլիստներն ավելի մրցունակ լինեն և կարողանան պայքարել ու իրենց տեղը գտնել ֆուտբոլում։
– Առաջին անգամ եք նշանակվում որպես գլխավոր մարզիչ, ի՞նչ կասեք այդ մասին։
– Սա իրոք նոր մարտահրավեր է ինձ համար, այլ բան է լինել մարզչի օգնական և այլ բան՝ գլխավոր մարզիչ, գործառույթները տարբեր են։ Կարծում եմ՝ պատրաստ եմ ու ճիշտ աշխատանքի դեպքում ինձ թվում է, որ մենք կհասնենք մեր նպատակներին։