Գերմանական «ծեր տիկինը»՝ «Հերտային» այդպես են անվանում Բեռլինում, (Die Alte Dame) և «Յունիոն Բեռլինը» իրենց կազմում ունեն բավականաչափ քանակությամբ երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիտներ։ Բեռլինյան երկու ակումբների ամենահեռանկարային ֆուտբոլիստների հետ էլ մենք ուզում ենք Ձեզ այսօր ծանոթացնել։
Ջորդան Տորունարիգա
🇩🇪 Գերմանիա
«Հերտա»
22 տարեկան

Երիտասարդ պաշտպանը հենց բեռլինյան ակումբի սան է, ով հնարավորություն ստացավ իրեն դրսևորել առաջին թիմում դեռ երեք տարի առաջ։ Ֆուտբոլիստը միշտ դիտարկվում էր որպես ռոտացիայի խաղացող, ով հարկ եղած դեպքում կփոխարինի թիմի հիմնական պաշտպաններից մեկին։ Սակայն այս մրցաշրջանում Ջորդանը ակնհայտ առաջընթաց է գրանցում և աստիճանաբար դառնում թիմի հիմնական պաշտպաններից մեկը։ Ֆուտբոլիստն օժտված է տաղանդով, մնում է պարզապես էլ ավելի քրտնաջան աշխատել, և մենք շուտով կտեսնենք նրան նաև Գերմանիայի հավաքականի ճամբարում։
Մարվին Ֆրիդրիխ
🇩🇪 Գերմանիա
«Յունիոն»
24 տարեկան

Մարվինը «Շալկեի» սան է, ով մինչև «Յունիոն» տեղափոխվելը ներկայացնում էր «Աուգսբուրգը»։ Թե իր հարազատ թիմի, թե «Աուգսբուրգի» կազմում բարձրահասակ պաշտպանը հնարավորություն այդպես էլ չի ստանում իրեն դրսևորել առաջին թիմում և նա որոշում է ամեն ինչ կրկին սկսել «ներքևից»։ 2017/18 մրցաշրջանում Ֆրիդրիխը տեղափոխվում է 2-րդ Բունդեսլիգայում հանդես եկող «Յունիոն» և արդեն հաջորդ տարի օգնում բեռլինյան թիմին դուրս գալ Առաջին Բունդեսլիգա։ «Յունիոնի» առաջին մրցաշրջանը գերմանական ֆուտբոլային էլիտայում արդեն իսկ կարելի է համարել բավականին հաջողված․ առաջնության գլխավոր աութսայդերներից մեկը ամրապնդվել է մրցաշարային աղյուսակի միջնամասում և ներկայումս դժվար է պատկերացնել, որ բեռլինցիները կարող են կրկին վերադառանալ երկրորդ լիգա։ Եվ այդ ամենում իր ներդրումն ունի նաև մեր հերոսը, ով դարձել է «Յունիոնի» պաշտպանության գլխավոր հենասյուներից մեկը։
Յավայրո Դիրլոսուն
🇳🇱 Նիդերլանդներ
«Հերտա»
21 տարեկան

Սուրինամական ծագում ունեցող ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» սան է, ով, ինչպես «Բորուսիայի» առաջատար Սանչոն, հնարավորություն չստանալով իրեն դրսևորել անգլիական ակումբի առաջին թիմում, որոշեց կղզիներից տեղափոխվել մայրցամաք՝ իր կարիերայի նոր աստիճան ընտրելով բեռլինյան ակումբը։ Եվ գիտեք ի՞նչ՝ նա չսխալվեց։ Իհարկե, նա չի փայլում այնպես, ինչպես Սանչոն, սակայն, «Հերտան» էլ «Բորուսիա» չէ, համաձայնվեք։ Համենայն դեպս, ավելի բարձրակարգ ակումբ տեղափոխվելու համար Դիրլոսունը դեռ պետք է ապացուցի իր բարձր կարգը և չնայած բազմաթիվ ակումբների կողմից հետաքրքրվածությանը՝ ևս մեկ-երկու մրցաշրջան մնա Բեռլինում։ Այստեղ նա կարող է վերջնականապես ձևավորվել որպես բարձրակարգ ֆուտբոլիստ և միայն հետո տեղափոխվել որևէ գրանդ ակումբ․․․ Չնայած, հաշվի առնելով «Հերտայի» սեփականատերերի ամբիցիաները, ովքեր ցանկանում են գերմանական ակումբը դարձնել եվրոպական գրանդներից մեկը, միգուցե և այսօրվա մեր հերոսը կդառանա ապագա գերակումբի մի մասնիկը․․․
Մարկուս Ինգվարստեն
🇩🇰 Դանիա
«Յունիոն»
24 տարեկան

Դանիական ֆուտբոլում բարձրակարգ հարձակվողները գրեթե միշտ անպակաս են եղել։ Ներկայումս էլ կան մի քանի հարձակվողներ, ովքեր խաղում են եվրոպական թոփ առաջնություններում։ Եվ առաջիկայում, ամենայն հավանականությամբ, այս ֆուտբոլիստի մասին կսկենք լսել է՛լ ավելի հաճախ․․․ Մարկուս Ինգվարստեն։ Մարկուսը ֆուտբոլային հանրությանը իր մասին առաջին անգամ լսեցնել տվեց 2016/17 մրցաշրջանում, երբ նա 23 խփած գնդակներով ճանաչվեց Դանիայի Սուպելիգայի գլխավոր ռմբարկու՝ առաջ անցնելով բոլորիդ քաջ հայտնի ֆինն հարձակվող Պուկիին։ Հրաշալի մրցաշրջանից հետո նա տեղափոխվեց բելգիական «Գենկ», որտեղ, մեղմ ասած, նրա գործերը սկսեցին ոչ հաջող ընթանալ։ Եվ նախորդ ամառ, տեղափոխվելով բեռլինյան ակումբ, դանիացի հարձակվողը կարծես թե վերգտել է իր խաղը՝ դառնալով նոր թիմի առաջատարներից մեկը։
Մատեուշ Կունյա
🇧🇷 Բրազիլիա
«Հերտա»
20 տարեկան

Վերևում մենք արդեն խոսեցինք ան մասին, թե ինչ ակնկալիքներ ունեն բեռլինյան ակումբի սեփականատերերը։ Եվ երբ նրանք այս ձմեռ ձեռք բերեցին երիտասարդ բրազիլացուն 18 մլն եվրոյով, անձամբ ինձ մոտ շատ հարցեր առաջացան և առաջին հերթին՝ ինչո՞ւ հենց Կունյան։ Ֆուտբոլիստ, ով գրեթե խաղաժամանակ չէր ստանում «Լայպցիգում», միթե՞ նա պետք է դառնար այն ֆուտբոլիտերից մեկը, ով կօգնի «ծեր տիկինոջը» բարձրանալ գերմանական ֆուտբոլի էլիտա․․․ Դիտելով նրա մասնակցությամբ վերջին հանդիպումները՝ ինձ մոտ առաջացավ արդեն մեկ այլ հարց՝ ո՞ւր էին նայում «Լայպցիգի» մենեջերները, ո՞նց կարելի էր ձեռքից բաց թողնել այդպիսի ֆուտբոլիստի․ «Հերտայի» խաղին հետևող երկրպագուները, կարծում եմ, կհամաձայնվեն ինձ հետ։ Բրազիլիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստն արդեն 4 գնդակ է խփել բեռլինյան թիմի կազմում անցկացրած 6 հանդիպումներում, բայց հարցը միայն արդյունավետությունը չէ, այլ այն, թե ինչպիսի ֆուտբոլ է նա ցուցադրում․ հիանալի տեխնիկա, արագություն, բավականին հասուն խաղ․․․ Մտապահեք այս ֆուտբոլիստի անունը, քանի որ, ամենայն հավանականությամբ, Բունդեսլիգայում հասունանում է համաշխարհային ֆուտբոլի նոր աստղ․․․
Վար Բաբայան
Շարքի նախորդ մասերը
Երիտասարդ գլադբախցիներն ու դեղագործները՝ համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղեր
Ֆրանսիայի առաջնության գլխավոր բացահայտումները
Հաշվենկատ Վերոնան և հավակնոտ Բոլոնյան՝ ցատկահարթակ ֆուտբոլային էլիտա
Քեյ-ֆուտբոլի (K-Football) ակնկալիքով
Երիտասարդ աղվեսների ոդիսականը շարունակվում է
Ֆուտբոլային սկաուտ․ Ռեալ Սոսեյդադ, Սևիլյա
Ֆուտբոլային սկաուտ․ Ատալանտա, Լացիո
Ֆուտբոլային սկաուտ․ Վուլվերհեմփթոն, Էվերտոն
Ֆուտբոլային սկաուտ․ Վերդեր, Այնտրախտ
Էրեդիվիզիի ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 3)
Էրեդիվիզիի ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 2)
Էրեդիվիզիի ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 1)
Պորտուգալիան՝ ցատկահարթակ դեպի մեծ ֆուտբոլ
Բելգիան շարունակում է մնալ ապագա աստղերի դարբնոց (Մաս 2)
Բելգիան շարունակում է մնալ ապագա աստղերի դարբնոց (Մաս 1)
Սամուրայների նոր սերունդը Եվրոպայում
Բրազիլիայի առաջնության ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 2)
Բրազիլիայի առաջնության ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 1)
MLS-ի 7 ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փայլել Հին աշխարհում