Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ ԽՍՀՄ անդամ երկրներն անկախացան ու սկսեցին իրենց առաջնությունները, Հայաստանին անհրաժեշտ էր արդեն ստեղծել սեփական առաջնությունը: Երկիրը պատերազմի մեջ էր: Բավականին ծանր իրավիճակում սկսվեց ֆեդերացիայի կազմման գործընթացը: Բոլոր անկախացած երկրները պարտավոր էին ֆեդերացիա ունենալ՝ ՈՒԵՖԱ-ին ու ՖԻՖԱ-ին անդամակցելու համար:
Այն ժամանակ բոլորի համար կար մեկ «Արարատ», և դժվար էր պատկերացնել այն փաստը, որ ի հայտ են գալու «բազում» «Արարատներ»:
Անկախ Հայաստանի պատմության առաջին առաջնությունը, որը կայացավ 1992թ-ին, բաժանվեց 2 ենթախմբի: Առաջնությանը մասնակցեց ընդհանուր առմամբ 24 թիմ: Կային նորաստեղծ շատ ակումբներ: Նրանցից մեկն Աբովյանի «Բանանցն» էր: Թիմը ստեղծվեց Սարգիս Իսրայելյանի ջանքերով և անվանվեց վերջինիս հայրենի գյուղի անունով: Ակումբի գոյության պաշտոնական սկիզբ է համարվում 1992 թ-ի հունիսի 20-ը: Գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց Վարուժան Սուքիասյանը: «Բանանցում» սկսեցին հանդես գալ ժամանակշրջանի լավագույն խաղացողներից Արմեն Գյուլբուդաղյանցը, Արա Նիգոյանը, Աշոտ Բարսեղյանը, Աշոտ Ավետիսյանը, Գևորգ Քամալյանը և այլոք: «Բանանցի» խաղացողների 70 տոկոսը միմյանց հետ խաղալու փորձ ուներ: Նրանք միասին խաղացել էին տարբեր տարիքային հավաքականներում: Միմյանց հետ խաղալու փորձ ունեին նաև Խորհրդային Միության առաջին և երկրորդ լիգաներում՝ «Արարատի» կազմում:

Առաջնությունում «Բանանցն» ընդգրկված էր առաջին ենթախմբում ու 22 խաղում վաստակելով 37 միավոր, առաջին հորիզոնականը կիսեց Երևանի «Արարատի» հետ: Առաջատարների ենթախմբում «Բանանցը» 36 միավորով գրավեց երրորդ հորիզոնականը՝ զիջելով «Շիրակին» ու ՀՄԸՄ-ին: ՀՄԸՄ-ի կազմում այդ ժամանակ հանդես էին գալիս Վարդան Մինասյանը, Արսեն Ավետիսյանը, Սուրեն Չախալյանը, Պողոս Գալստյանը, Խորեն Հովհաննիսյանը: Առաջնության երկրորդ լավագույն ռմբարկուն 34 գոլով ճանաչվեց «Բանանցի» հարձակվող Աշոտ Բարսեղյանը՝ 4 գոլով զիջելով «Արարատի» հարձակվող Վահե Յաղմուրյանին:
Իսկ ահա նորանկախ Հայաստանի առաջին Գավաթի խաղարկությունում Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ նորաստեղծ թիմը փայլուն հանդես եկավ: 1/16 եզրափակչում «Բանանցը» 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Ցեմենտի» դարպասը: 1/8 եզրափակչում, ըստ «Բանանցի» նախկին խաղացողների, կայացավ ամենաբեկումնային խաղը. Բանանցը 2 անպատասխան գնդակ ուղարկեց Երևանի «Արարատի» դարպասը.

«Այդ հաղթանակը Գավաթի խաղարկության հաղթանակի հիմնաքարը դարձավ: Որ հաղթեցինք «Արարատին», հասկացանք, որ կարող ենք բոլորին հաղթել»,- ArmSport-ի հետ զրույցում իր հիշողություններով է կիսվում Աշոտ Բարսեսղյանը:
Քառորդ եզրափակչում «Բանանցը» 3-1 հաշվով առավելության հասավ «Կիլիկիայի» նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 6-2 հաշվով հաղթեց «Վանին» ու իր գոյության առաջին իսկ տարում դուրս եկավ Գավաթի խաղարկության եզրափակիչ:
Եզրափակիչը կայացավ «Հրազդան» կենտրոնական մարզադաշտում: Այդ տարիների Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Սլավա Սարգսյանի խոսքերով, եզրափակչի օրը իրական գավաթը պատրաստ չէր ու հաղթող թիմին պետք է հանձնեին սիմվոլիկ գավաթ: Իրական գավաթը պատրաստ եղավ մի քանի օր անց ու հանձնվեց իր տիրակալին:
«Բանանցի» այդ ժամանակվա լավագույն ռմբարկու Աշոտ Բարսեղյանը մեզ հետ զրույցում հիշեց այդ օրերի դժվարությունները.
««Բանանց» ստեղծելու գաղափարն առաջացավ Արմեն Գյուլբուդաղյանցենց տանը: Բոլորս իրար լավ ծանոթ էինք՝ և՛ խաղային որակներով, և՛ անհատականությամբ: Շատ ծանր օրեր էին, մետրոն էր միայն աշխատում: Ձմռանը մարզվում էինք «ՏԷՑ»-ի դահլիճում: Մետրոյով «Բաղրամյանից» գալիս էինք «գործարանային», այդտեղից մինչև «ՏԷՑ»-ի դահլիճ գնում էինք ոտքով ու ոչ-ոք չէր տրտնջում. կարծես, մինչև հիմնական մարզումը մեկ մարզում էլ անցկացնեինք: Մի անգամ մետրոյում մեկը հարցրեց. «Ո՞ր թիմից եք»: Ես պատասխանեցի. «Ձայնը հետո կլսեք»: Այսինքն, ներքին վստահություն կար, որ լավ թիմ է դառնալու: Հզոր տղաներ էին հավաքվել, իրոք: Հենց սկզբում բոլորը համոզվեցին, որ մենք լուրջ մրցակից ենք իրենց համար: Եզրափակչում ստադիոնը լեփ-լեցուն էր: Դիմացի տրիբունայում մեր երկրպագուներն էին՝ զուռնա-դհոլով: Այսպես ասած, ոչ բոլորին հայտնի թիմը դարձավ գավաթակիր: Դա մեզ համար և՛ ուրախություն էր, և՛ հպարտություն: Դրանից հետո մեր թիմը գնաց Շվեդիա: Ես այդ ժամանակ արդեն Բեյրութ էի տեղափոխվել: Շվեդիայում շատ լավ ելույթ էր ունեցել «Բանանցը», և դա նշանակում էր, որ Եվրոպական մակարդակով մենք պինդ ու հզոր թիմ ունեինք: Մի բան փաստեմ, ինչի մասին, անկեղծ, չեմ սիրում խոսել, բայց ոչ ոք չի կարող դա ուրանալ: Որքան էլ ծանր էին այդ տարիները, այնուամենայնիվ, մենք լավ էինք ապրում: Այդ ամենը ակումբի սեփականատիրոջ շնորհքն էր: Նա մեզ ապահովում էր ամեն ինչով, որպեսզի մենք միայն ֆուտբոլի մասին մտածեինք: Մենք ոչ մի բանի խնդիր չունեինք:

Ինչ վերաբերում է Գավաթի խաղարկությանը, ապա պետք է նշեմ, որ ամենակարևորը «Արարատի» նկատմամբ հաղթանակն էր: Դա չեմ ասում նրա համար, որ 2 գոլն էլ ես եմ խփել, բնավ: Հաղթելով «Արարատին», հասկացանք, որ ունակ ենք առաջ գնալու՝ հաշվի առնելով այն փաստը, թե ինչ թիմ էր ու ովքեր էին խաղում այնտեղ: Առաջին խաղն էր, որ ես պետք է խաղը սկսեի պահեստայինների նստարանից, բայց նախավարժանքի ժամանակ Սամվել Կոստանդյանը վնասվածք ստացավ ու ես դուրս եկա խաղադաշտ նրա փոխարեն: Մի գոլը կարելի է ասել պատահական ստացվեց (ժպտ. է), իսկ երկրորդը հետաքրքիր ստացվեց: Ես երբեք տեխնիկապես զարգացած ֆուտբոլիստ չեմ եղել: Թիմում կային տուգանայինների հաստիքային իրացնողներ. Նիգոյանը, Կոստանդյանը, Միքայելյան Կարենը, Գյուլբուդաղյանցը: Ամեն մարդ իր գործողությունն էր կատարում: Ես տուգանային հրապարակի ֆուտբոլիստ էի, նաև շատ լավ գլխով էի խաղում, բայց երբեք տուգանային չէի իրացնում: Ուրեմն, Գյուլբուդաղյանցը դրեց գնդակը, գնացի ու ասեցի.
-Թող, ես պիտի խփեմ:
Արմենը պտտվեց ու զարմացած հարցրեց.
-Դու՞:
-Ասեցի՝ հա: Պիտի խփեմ, զգում եմ պիտի գոլ խփեմ:
Գյուլբուդաղյանցը թողեց գնդակն ինձ ու ես ուղիղ հարվածով գրավեցի դարպասը: Գնդակը անդրադարձավ խոտածածկից, դա էլ դժվարություն առաջացրեց դարպասապահի համար»:
«Արարատին» հաղթելուց հետո մի արտահայտություն էր պտտվում. «Պազիկով եկան, հաղթեցին, գնացին»:
Եզրափակիչն անցավ գերհետաքրքիր պայքարում: 79 րոպե շարունակ թիմերը չէին կարողանում գտնել մեկմեկու դարպասի բանալին: Հաշիվը բացվեց 79-րդ րոպեին. անկյունայինից կատարած փոխանցումը գլխի հարվածով երզրափակեց Արա Նիգոյանը: Խաղի վերջակետը 87-րդ րոպեին դրեց Աշոտ Ավետիսյանը՝ եզրափակելով արագ հակագրոհը: Ի դեպ, գոլի դրվագում Ավետիսյանին օգնեց նաև անդրադարձը: «Հրազդան» մարզադաշտում գտնվող բազմահազար երկրպագուների աչքի առջև «Բանանցի» ավագ Սամվել Կոստանդյանը ստացավ անկախ Հայաստանի պատմության առաջին Գավաթը: Գավաթը «Բանանցի» ավագին հանձնեց Հակոբ Տոնոյանը:

Բարսեղյանը հիշեց նաև գավաթի հանձնման արարողությունը.
«Այդ ժամանակ մեծ ուշադրություն չդարձրեցինք, թե ինչ գավաթ ենք ստանում, քանի որ ուրախությունը շատ մեծ էր: Դա նաև փաստում է այն, որ մենք ամեն ինչին ըմբռնումով էինք մոտենում: Եթե հիմա լիներ այդ գավաթը, հասկանալի է, որ այն մեծ նշանակություն կունենար՝ որպես հուշ:
Եթե մենք կարողանայինք այդ տարի դուրս գալ Եվրոպական ասպարեզ, կարծում եմ, որ մեծ հաջողություններ կգրանցեինք, սակայն, եթե չեմ սխալվում, փաստաթղթային խնդիր կար, որը արագ չլուծվեց»:
1995 թվականից «Բանանցը» դուրս եկավ Հայաստանի առաջնությունից, սակայն 2001 թ-ին ակումբը վերածնվեց:
Հետագայում «Բանանցը» ևս երկու անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր՝ 2007-ին ու 2016-ին:
Արմեն Գարամյան