Չինաստանի Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջում բռնկված նոր տիպի կորոնավիրուսը խառնեց բոլորի պլանները։ COVID-19-ի տարածումը կանխարգելելու նպատակով աշխարհում բազմաթիվ միջոցառումներ են չեղարկվում կամ էլ հետաձգվում։ Տնտեսության, առողջապահության ու զբոսաշրջության ոլորտները կաթվածահար են գրեթե բոլոր երկրներում։
Այս ամենից չափազանց մեծ չափաբաժնով տուժում է նաև սպորտը։ Մարզական աշխարհը բառիս բուն իմաստով կանգնած է։ Չեղարկումներն ու հետաձգումները միանշանակորեն չեն ընկալվում մարզիկների ու մասնավորապես երկրպագուների կողմից։ Այս ամենը հիշեցնում է երկար ու մութ մի թունել, որի վերջի լույսը դեռ չի երևում։
Բարի օր, բարի գալուստ։ Նախ առողջություն բոլորիս և ուժ այս բարդ ու տարօրինակ օրերին։ Աշխարհի որ ծայրում էլ լինես, հիմա ամեն ինչ այլ է։ Այսօր կփորձենք հասկանալ, թե կորոնավիրուսի կանխարգելման նպատակով չեղարկված ու հետաձգված թենիսային մրցաշարերը ինչ ազդեցություն են ունենալու սպորտի վրա։ Եվ իհարկե, կխոսենք Ռոլան Գարոսի մասին, որի հետաձգումը շիլաշփոթ է առաջացրել թենիսային տարվա առանց այն էլ փոթորկված օրացույցում։
Այսպես, կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ATP-ն և WTA-ը որոշեցին չեղարկել մինչև ապրիլի 27-ը նախատեսված բոլոր մրցաշարերը։ Արդեն երեկ թենիսի գլխավոր երկու գերատեսչությունները նոր որոշում ընդունեցին, որի համաձայն՝ չեղարկվում են մինչև հունիսի 7-ը նախատեսված բոլոր մրցաշարերը։ Սա նշանակում է, որ մրցաշրջանի գրունտի հատվածը չի կայանա։

Չեղարկվել են տարվա գլխավոր իրադարձություններն ի դեմս Մայամիի, Ինդիան Ուելսի, Մոնտե Կառլոյի, Մադրիդի ու Հռոմի Մասթերսները։ Ոչ մի թենիս մինչև հունիս։
Ինչու՞ հիմա չեղարկել մինչև հունիս
ATP-ի և WTA-ի երեկվա համատեղ որոշումը ինչ-որ չափով զարմանալու տեղիք տվեց։ Այո՛, կորոնավիրուսի համավարակը տարածվում է լայն թափով, բայց միևնույն ժամանակ աշխարհի գրեթե բոլոր երկրները արագ քայլեր են ձեռնարկում դրա տարածումը կանխարգելելու համար։ Բացառված չէ, որ մայիսի սկզբին ունենանք իրավիճակ, երբ մրցաշարերը կարող էին անցկացվել՝ թեկուզ առանց հանդիսականների։
Ամեն դեպքում թենիսային գերատեսչությունները գնացին այս որոշմանը, ու գուցե ժամանակը ցույց տա, որ սա լավագույնն էր։ Եթե համեմատական զուգահեռներ տանենք ֆուտբոլի հետ, ապա կտեսնենք, որ ֆուտբոլում հետաձգումներ են եղել ազգային առաջնություններում։ Հույս կա վերսկսել առաջնություններն ու եվրագավաթները մայիսի սկզբին։ Բայց թենիսում արդեն կա հստակ որոշում, որ գարնանը մրցաշարեր ընդհանրապես չեն լինելու։
Վարկանիշային աղյուսակը կսառեցվի
ATP-ի և WTA-ի վարկանիշային աղյուսակներն այս ընթացքում կսառեցվեն։ Սա նշանակում է, որ խաղացողները նախորդ տարի մասնակցած մրցաշարերի համար վաստակած միավորները չեն կորցնի։ Սա ճիշտ որոշում էր։ Տրամաբանական չէ միավոր կորցնել մրցաշարերի համար, որին դու չես մասնակցում այն պատճառով, որ դրանք չեղարկվել են։

Իհարկե, այս ամենի մեջ կան խաղացողներ, ովքեր մեծապես շահեցին։ Խոսքը այն թենիսիստների մասին է, ովքեր ներկա պահին վնասվածք ունեն ու ապաքինվում են։ Նրանք այսպես, թե այնպես միավորներ էին կորցնելու, բայց սառեցված վարկանիշի պայմաններում դա տեղի չի ունենա։ Օրինակ, Ռոջեր Ֆեդերերը, անկախ ամեն ինչից, կորտ էր վերադառնալու միայն հունիսին ու նախնական հաշվարկներով մոտ 3000 միավոր էր կորցնելու։ Այդ պարագայում շվեյցարացին իջնելու էր 8-րդ հորիզոնական, մինչդեռ հիմա մնալու է 4-րդ տեղում։
Ռոլան Գարոսի հետաձգումն ու ստեղծված շիլաշփոթը
Ռոլան Գարոսի տնօրենը մի քանի անգամ հայտարարեց, որ նրանք դեռևս չեն քննարկում հետաձգման տարբերակը։ «Մենք քննարկելու ենք Ֆրանսիայի Թենիսի ֆեդերացիայի հետ և հետևելու ենք կառավարության խորհուրդներին»,-ասում էր նա։ Ու մեկ էլ հանկարծ ամեն բան գլխիվայր շրջվում է։ Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Ռոլան Գարոսը հետաձգվում է։ Այն կայանալու է սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 4-ը։

Այս նորությունը ալեկոծեց թենիսային ոչ պակաս ալեկոծված աշխարհը։ Նախ, Ռոլան Գարոսն ու Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիան այս որոշումը կայացրել են առանց այն քննարկելու ATP-ի WTA-ի, ինչպես նաև թենիսիստների հետ։ Սա անարգանք է բոլորի նկատմամբ։ Ո՛չ Tennis Australia-ն, ո՛չ Միացյալ Նահանգների թենիսի ֆեդերացիան տեղեկություն չեն ունեցել հետաձգման մասին։ Սա, իհարկե, աբսուրդ է։ Հատկանշական է, որ Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ նրանք հարցը քննարկել են Ռաֆայել Նադալի հետ։

Ռոլան Գարոսը նշանակվեց US Open-ի ավարտից ընդամենը մեկ շաբաթ անց։ Սա սարսափելի սցենարներ է ենթադրում։ Թենիսիստների համար չափազանց բարդ է լինելու մեկ շաբաթվա դադարով Մեծ սաղավարտի երկու մրցաշար խաղալ։ Այստեղ կա նաև Միացյալ Նահանգներից Եվրոպա վերադառնալու խնդիրը, ժամային գոտիների խնդիրը և, վերջիվերջո, թենիսային մակերևույթի խնդիրը։ Այդքան էլ հեշտ չէ մեկ շաբաթում հարդը փոխարինել գրունտով։
Շատ փորձագետներ գտնում են, որ մի շարք թենիսիստներ հրաժարվելու են կամ US Open-ից կամ Ռոլան Գարոսից, քանզի երկուսին էլ մասնակցելը այդքան էլ իրատեսական չի թվում։ Բայց սա դեռ ամենը չէ։ Ռոլան Գարոսի նախանշած ժամանակահատվածում կան ATP-ի և WTA-ի մրցաշարեր, որոնց հետ գոնե պետք էր քննարկել որոշումն ընդունելուց առաջ։ Ինչպե՞ս կվարվի ATP-ն ու WTA-ը՝ դժվար է ասել։
Անկոտրուն Laver Cup-ն ու պոտենցիալ մասնակիցները
Եվս մեկ ենթադրյալ սկանդալ։ Սեպտեմբերի 25-ից 27-ը Միացյալ Նահանգների Բոստոն քաղաքում կայանալու է Laver Cup-ի 4-րդ մրցաշարը։ Ռոջեր Ֆեդերերի ստեղծած այս թենիսային տոնը վերջին տարիներին դարձել է օրացույցի գլխավոր զարդերից մեկը երկրպագուների համար։ Ռոլան Գարոսի հետաձգումից հետո Laver Cup-ի մամուլի ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ հասկացնելով բոլորին, որ մրցաշարը չի հետաձգվելու։ Բոլոր տոմսերը վաճառված են ու այն կայանալու է նախօրոք նշված ժամանակահատվածում։

Laver Cup-ը համագործակցում է Tennis Australia-ի և USTA-ի (ԱՄՆ-ի թենիսի ֆեդերացիա) հետ։ Սա յուրատեսակ բողոքի դրսևորում էր մրցաշարի, ինչու չէ նաև ամենաազդեցիկ երկու ֆեդերացիաների կողմից, որոնք իրականացնում են մյուս Grand Slam-երից երկուսի կազմակերպումը։ Եթե Laver Cup-ը չհետաձգվի, ակնհայտ է, որ Ռոլան Գարոսում չենք տեսնի Ռոջեր Ֆեդերերին ու ևս 9 հոգու։ Դրանց թվում վստահորեն կարող ենք նշել Նիկ Կիրիոսին, ով ատում է գրունտի վրա խաղալը։ Նաև այստեղ կարող են հայտնվել թենիսիստներ, ովքեր US Open-ից հետո ռիսկի չեն դիմի իրենց մարմինների հետ, կմնան ԱՄՆ-ում ու գերազանց ժամանակ կանցկացնեն։

Ամեն դեպքում Laver Cup-ը ֆանտաստիկ մթնոլորտ է ապահովում։ Հատկանշական է, որ նման պարագայում Ռոլան Գարոսի օրերին Փարիզում չեն լինի նաև թենիսի լեգենդներից Ռոդ Լեյվերը, Ջոն Մաքենրոյը և Բյորն Բորգը, ովքեր մեծ դերակատարում ունեն Laver Cup-ում։ Ամեն դեպքում ես անձամբ չեմ բացառում, որ Laver Cup-ը կարող է տեղափոխվել օրինակ հոկտեմբեր։ Պետք է համագործակցային բնույթի որոշում կայացնել։
Ուիմբլդոնն ու US Open-ը ԴԵՌ չեն հետաձգվում
Մասթերսների չեղարկումը մի կերպ կարող ենք հասկանալ, բայց բարդ է պատկերացնելը, որ մրցաշրջանը կանցնի առանց Ուիմբլդոնի կամ էլ US Open-ի։ Մրցաշարի կազմակերպիչները Ռոլան Գարոսի հետաձգումից հետո հանդես եկան հայտարարությամբ։ Ուիմբլդոնում դեռևս մտադիր չեն հետաձգել մրցաշարը։ Սակայն ուշադրությամբ հետևում են կորոնավիրուսի տարածմանը թե՛ Մեծ Բրիտանիայում, թե՛ Եվրոպայում։ US Open-ը առայժմ մտադիր են անցկացնել օգոստոսի 24-ից սեպտեմբերի 13-ը, ինչպես նախանշված է։

Եզրակացություն․ Կա մեծ հույս, որ COVID-19-ը առաջիկա ամիսների ընթացքում կնահանջի ու մեր բնականոն կյանքը կվերադառնա։ Ամեն դեպքում մեկ բան ակնհայտ է․ 2020 թվականի մրցաշրջանը թե՛ թենիսում, թե՛ այլ մարզաձևերում հիշվելու է միշտ։ Թերևս երբեք մեկ օրացույցային տարում չեն լինի այսքան չեղարկված մրցաշարեր, հետաձգումներ։
Առողջությու՛ն բոլորիս։
Արամ Սահակյան