Գևորգ Ղազարյանը Armsport-ի մարզական ֆոտոլրագրողն է, ով 2012 թվականից փաստավավերագրում է Հայաստանում և նրա սահմաններից դուրս ամենակարևոր մարզական իրադարձությունները։ Լուսանկարները, շատ հաճախ, կարճ կյանք են ունենում, քանի որ հանդիպումները, միջոցառումները որոշ ժամանակ անց մատնվում են մոռացության, այդ ընթացքում պատմության գիրկն են անցնում նաև լուսանկարները։ Միաժամանակ, ֆոտոլրագրողը ֆիսքելով ամենահետաքրքիր պահերը, հիշողության մեջ պահում է պատմություններ, որոնք շատ դեպքերում ուղիղ առնչության չունեն տվյալ խաղի կամ իրադարձության հետ, սակայն լավագույնս նկարագրում են այն մթնոլորտը, որը եղել է այդ նույն իրադարձության շուրջ։ Առաջարկում ենք պատմական էքսկուրս կատարել Գևորգ Ղազարյանի ֆոտոպատմություններով ու այդ ընթացքում վերհիշել դեպքեր, որոնք ժամանակի հետ պարզապես մոռացվել են։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգում Տոկիո-2020-ի ուղեգիրը վիճարկող Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի և Կարապետ Չալյանի միջև ոչ վաղ անցյալում՝ 2018 թվականին տեղի է ունեցել շատ դիտարժան գոտեմարտ։ Փորձենք հիշել այդ գոտեմարտը և խուսափելով ներկայիս իրավիճակին գնահատականներ տալուց՝ պարզապես մտաբերել, թե ինչ փուլերով է անցել 77 կգ քաշային կարգում դիմակայությունը այս երկու ուժեղ մարզիկների միջև։

2018 թվականի հունվարի 29-ին Երևանի «Միկա» մարզադահլիճում, լեփ-լեցուն հանդիսականների ուղեկցությամբ, երկու ըմբիշները պայքարում էին Հայաստանի չեմպիոնի ոսկե մեդալի համար․ Արսեն Ջուլֆալակյան-Կարապետ Չալյան։ Ասել, թե գոտեմարտն անցավ դիտարժան պայքարում և այդքանով սահմանափակվել՝ կնշանակի ոչինչ չասել։

Արդեն ժամեր առաջ հայտնի էր, որ երկու ըմբիշներն ամենայն հավանականությամբ միմյանց հանդիպելու են եզրափակչում։ Լրագրողական միջավայրում բոլորը սպասում էին գերդիտարժան այդ գոտեմարտին։ Տրիբունաները ևս լրացուցիչ թեժություն էին հաղորդում առանց այդ էլ լարված մթնոլորտին։
Արսեն Ջուլֆալակյանը մարտին ներկայացավ վնասվածքով։ Ճակատի կամ հոնքի հատվածում ունեցած վնասվածքի հետևանքով նրա գլուխը վիրակապված էր, և բոլոր նրանք, ովքեր գեթ մեկ անգամ դիտել են գոտեմարտ, կհասկանան, որ այդ հանգամանքը խանգարելու էր մարզիկին ամբողջ ընթացքում։

Արսենն առանձնապես այդ մասին չէր մտածում, և ակնհայտ երևում էր, որ նա տրամադրված է հաղթանակի։ Նույն բառերով կարելի է բնորոշել Չալյանին, ով, իհարկե, չուներ այն փորձն ինչ Ջուլֆալակյանը, սակայն երևում էր, որ նա հանգիստ է, պատրաստ պայքարելու մինչև վերջ։
Առաջին երեք րոպեները ձգվեցին մինչև տասը րոպե։ Մրցագորգ նետվեց չելենջի բարձիկն, ու կրքերն էլ ավելի թեժացան։ Յուրաքանչյուր գործողություն ուղեկցվում էր բղավոցներով ու հրահանգներով, որոնք գալիս էին բոլոր կողմերից։ Դժվար էր կարծել, որ այդ հուշումներից որևէ մեկը հասնում էր տեղ․․․ սակայն փաստը ցույց տվեց, որ տրիբունաներից հնչող արտահայտությունները անհետ չէին կորում։
Դրվագներից մեկում վիրավորանք հնչեց Արսեն Ջուլֆալակյանի հասցեին, ով չէր ցանկանում անպատասխան թողնել այն։ Մրցավարներն ու մարզիչները դժվարությամբ, սակայն կարողացան հանգստացնել նախ Արսենին, ապա և իրավիճակին լրացուցիչ սրություն հաղորդող երկրպագուներին։ Բարձրախոսով մի քանի անգամ լսվեցին կոչեր՝ պահպանելու ընդհանուր կարգուկանոնը։

Այդուհադենձ, հանգուցալուծումը եղավ այն, որ միավորների փոքր տարբերությամբ Կարապետ Չալյանը տոնեց հաղթանակ։ Շատերի մոտ տպավորություն էր, որ ըմբիշները չէին էլ հետևում միավորների հաշվարկին։

Այդ պահին տեղի ունեցավ՝ ներկայիս հեռահար «մեղադրանքների փոխհրաձգության» պայմաններում գրեթե անհնարին թվացող մի դրվագ։ Ինչպես հարիր է ըմբիշներին, կողմերը գրկախառնվեցին ու շնորհավորեցին միմյանց գեղեցիկ ու թեժ պայքարի համար։

Հույզերով լի էր նաև պարգևատրման արարողությունը։ Արսեն Ջուլֆալակյանը` Օլիմպիական արծաթե մեդալակիրն ու աշխարհի չեմպիոնը, Հայաստանի առաջնությունում կանգնած էր պատվանդանի միայն երկրորդ աստիճանին և մեդալը ստանալուց հետո նա անմիջապես հանեց իր այն, հեռացավ՝ դժվարությամբ կարողանալով զսպել պարտության հույզերը։








Ֆոտոլրագրողի հուշեր. Հրաժեշտ Հրազդանին