ՀՖՖ-ի կողմից անցկացվող «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» մրցույթին մասնակցում է նաև ArmSport-ը. ներկայացնում ենք մեր կայքի քվեարկությունն ու մեր վարկածով նախորդ տարվա լավագույններին.
Լավագույն ֆուտբոլիստ
1.Սարգիս Ադամյան. Ադամյանը մեր կայքի բոլոր լրագրողների միաձայն ընտրությամբ հայտնվեց հենց առաջին հորիզոնականում: Նախորդ տարվա ընթացքում 26-ամյա հարձակվողն ակումբային կարիերայում մեծ առաջընթաց գրանցեց ու դարձավ տարվա բացահայտումներից մեկը, չնայած նրա մեծ պոտենցիալը վաղուց էր նկատելի: Տարվա կեսերին հայ ֆուտբոլիստը գերմանական երկրորդ լիգայից տեղափոխվեց Բունդեսլիգա` պայմանագիր կնքելով «Հոֆենհայմի» հետ, ու աստիճանաբար ամրապնդվեց թիմում: Գերմանական գրանդների`Դորտմունդի «Բորուսիայի» ու Մյունխենի «Բավարիայի» դարպասներն ուղարկած գոլերն էլ Ադամյանին ճանաչելի դարձրին ամբողջ աշխարհում ու դարձրին երկրպագուների սիրելին:
«Երկու տարի առաջ խաղում էի Գերմանիայի 3-րդ լիգայում, իսկ այսօր իրականացրել եմ երազանքս»,- ասում է Սարգիս Ադամյանը, որն իր աշխատասիրությամբ ու սեփական ուժերին հավատալու մեծ ձգտումով`օրինակ կարող է ծառայել շատերի համար:

2.Կամո Հովհաննիսյան. Ամբողջ տարվա ընթացքում Կամո Հովհաննիսյանն աչքի ընկավ դաշտում բացառիկ նվիրվածությամբ ու կարևոր դերակատարություն ունեցավ մեր ընտրանու անցկացրած խաղերում: Մեր հավաքականի ամենաարագավազ ֆուտբոլիստն իր մասնակցությունն ունեցավ Հունաստանի, Ֆինլանդիայի ու Բոսնիայի նկատմամբ տարած հաղթանակներին: Ակումբային մակարդակում ևս 27-ամյա ֆուտբոլիստը տպավորիչ ելույթներ ունեցավ. «Ժետիսուի» կազմում անցկացրած 24 խաղում դառնալով 5 գոլի հեղինակ ու մշտապես աչքի ընկնելով կայուն խաղով` Հովհաննիսյանն արժանացավ ղազախական հեղինակավոր թիմերից մեկի`«Կայրաթի» ուշադրությանն ու տարեսկզբին պայմանագիր կնքեց Ալմաթին ներկայացնող թիմի հետ:

3.Հենրիխ Մխիթարյան. Մեր հավաքականի ավագն ու բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն նախորդ տարի ուրախության անմոռանալի պահեր պարգևեց երկրպագուներին`ազգային հավաքականի գրեթե բոլոր խաղերում դրսևորելով առաջատարի բարձր որակներ ու իր հետևից տանելով թիմին: Բոսնիացիների հետ երևանյան խաղում նրա հեղինակած դուբլը հայ երկրպագուները դեռ երկար կհիշեն: Ակումբային մակարդակում ևս Մխիթարյանն արեց իրենից կախված ամեն բան. ֆուտբոլիստն «Արսենալի» հետ նվաճեց ԵԼ-ի փոխչեմպիոնի տիտղոսն, իսկ եզրափակչին քաղաքական դրդապատճառներով նրա չմասնակցելը համաշխարհային մեծ հնչեղություն ստացավ: Մխիթարյանն աշնանը համալրեց իտալական «Ռոմայի» շարքերը, սակայն չարաբաստիկ վնասվածքները մեր ֆուտբոլիստին դեռևս թույլ չեն տալիս ամբողջովին ցուցադրել այն ամենն, ինչին ունակ է:

Լավագույն մարզիչ
1.Վարդան Մինասյան. Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող ու այս հարցում չեն կիսվել կարծիքները նաև մեր լրագրողների շրջանում: «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը 2019 թվականի արդյունքներով միանշանակ արժանի է Հայաստանի Տարվա լավագույն մարզչի կոչմանը: Երևանյան թիմը Հայաստանի առաջնության մասնակցության իր առաջին իսկ տարում նվաճեց երկրի չեմպիոնությունը, դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր ու պատմական արդյունքի հասավ նաև միջազգային մակարդակում: Գրեթե ամբողջ ամառ երկրպագուները շունչները պահած հետևում էին երևանյան թիմի` ԵԼ-ում ելույթներին, որոնք պարզապես ֆանտաստիկ ստացվեցին: «Արարատ-Արմենիային» մի փոքր չբավականացրեց ԵԼ-ի խմբային փուլ դուրս գալու համար, իսկ Վարդան Մինասյանի դերակատարումն այդ հարցում շատ մեծ էր: Երևանյան թիմն ընթացիկ մրցաշրջանը ևս բարձր մակարդակով է սկսել ու աշնանայից հատվածից հետո մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում`առաջատար «Լոռիին» զիջելով 1 միավորով:

2.Արմեն Գյուլբուդաղյանց. Հայաստանի հավաքականը 53-ամյա մասնագետի գլխավորությամբ նախորդ տարի որակապես բոլորովին այլ ֆուտբոլ ցուցադրեց ու թեև Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ դուրս գալ չհաջողվեց, բայց մեր թիմը համառ պայքար մղեց ու իրական շանսեր էր պահպանում եվրոպական երազանքն իրականություն դարձնելու համար: Շատ կարևոր էր նաև թիմին հաղթողի հոգեբանությամբ ու սեփական ուժերի նկատմամբ հավատով ներշնչելը, ինչն էլ մեծ հաշվով հաջողվեց անվանի մասնագետին: Ֆուտբոլիստներն առավելագույն նվիրումով ու մեծ պատասխանատվությամբ էին դաշտ դուրս գալիս, ինչն էլ օգնեց գեղեցիկ հաղթանակներ կերտել Հունաստանի, Լիխտենշտեյնի ու Բոսնիայի հետ երկու խաղերում:

3.Վարդան Բիչախչյան. Գյումրեցի մասնագետի գլխավորությամբ «Շիրակը» հայկական ամենակայուն խաղ ցուցադրող թիմն է, ու այստեղ պետք է շեշտել նաև այն հանգամանքը, որ Բիչախչյանը կարողանում է առավելագույնը քաղել իր ֆուտբոլիստներից մրցակցային բարձր պայմաններում` չունենալով հզոր ու «թանկարժեք» կազմ:
Թեև նախորդ տարին արդյունքների առումով հաջող չդասավորվեց Գյումրիի թիմի համար, բայց նրանք կարողացան խնդիրներ ստեղծել առաջատարների համար ու հավասար պայքար մղել:
Բիչախչյանը պերֆեկցիոնիստ է ու, անկասկած ամեն ինչ կանի` թիմի հետ ընթացիկ առաջնության թոփ-6-ում ընդգրկվելու, լավագույնների հետ պայքարը շարունակելու ու կրկին եվրագավաթներում իր տեղը ապահովելու համար:
