Արդեն մի քանի օր է, ինչ բացվել է ձմեռային տրանսֆերային պատուհանը: Թե՛ գրանդները, թե՛ մնացած ակումբները ակտիվորեն փնտրում են նոր ֆուտբոլիստներ` իրենց կազմերի թույլ օղակները ամրապնդելու համար, իսկ որոշ ֆուտբոլիստներ էլ պարզապես տեղափոխվում են էկզոտիկ առաջնություններ` կարիերայի մայրամուտին կլորիկ գումար վաստակելու համար:

Մարկոսը վերադարձավ Հայաստանի առաջնություն
Հայ երկրպագուների համար շատ կարևոր տրանսֆեր: 2019 թ. վերջին օրը` դեկտեմբերի 31-ին, «Արարատ-Արմենիան» հայտարարեց Մարկոս Պիզելիին ձեռք բերելու մասին։ Գործող չեմպիոնի և Հայաստանի հավաքականի արդեն նախկին ֆուտբոլիստի միջև կնքված պայմանագրից մանրամասներ հայտնի չեն։

Միլանը ներկայացրեց Իբրահիմովիչին
Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պաշտոնապես դարձել է «Միլանի» ֆուտբոլիստ: Ակումբը հունվարի 2-ին ներկայացրել է ֆուտբոլիստին: Իբրահիմովիչի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:

Հոլանդն արդեն մեծ ակումբում է
Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տեղափոխության մասին: 19-ամյա նորվեգացու պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Այս տրանսֆերը իրականացնելու համար «Բորուսիան» ընդհանուր առմամբ վճարել է 45 մլն եվրո. ֆուտբոլիստի գործակալ Ռայոլան կստանա 15 մլն եվրո, նրա հայրը` ավագ Հոլանդը կստանա 10 մլն, իսկ ավստրիական ակումբը`20 մլն:

Մինամինոն` Լիվերպուլի ֆուտբոլիստ
«ՌԲ Զալցբուրգը» բացի Հոլանդից կորցրեց ևս մեկ առաջատարի. ճապոնացի կիսապաշտպան Տակումի Մինամինոն պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ: 24-ամյա ֆուտբոլիստի համար «Լիվերպուլը» ավստրիական ակումբին վճարել է 7,25 մլն ֆունտ:

Յուվենտուսը ձեռք բերեց Իտալիայի այս առաջնության բացահայտումներից մեկին
«Ատալանտայի» կիսապաշտպան Դեյան Կուլուսևսկին դարձել է «Յուվենտուսի» ֆուտբոլիստ: 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Յուվենտուսը» 35 մլն եվրո է վճարել: Ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածը ֆուտբոլիստը վարձակալությամբ կանցկացնի «Պարմայում»:

Վայգլը տեղափոխվեց Բենֆիկա
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Վայգլը տեղափոխվեց պորտուգալական «Բենֆիկա»: Երկու ակուբները պաշտոնապես հաստատել են գերմանացի ֆուտբոլիստի տեղափոխությունը, բայց Վայգլը պետք է դեռ բուժզննում անցնի: Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կազմել է 20 միլիոն եվրո:

Ռեալի և ՊՍԺ-ի փոխարեն` Բայեր
Armsport-ը դեռ դեկտեմբերին կանխատեսել էր այս տրանսֆերը` Ֆուտբոլային սկաուտ շարքում (Ֆուտբոլային սկաուտ. Նոր անուններ Արգենտինայից): Շատերը սպասում էին, որ Արգենտինայի հավաքականի և «Ռիվեր Փլեյթի» 21-ամյա կիսապաշտպանը ընտրություն կկատարի «Ռեալի» և ՊՍԺ-ի միջև, սակայն ֆուտբոլիստը ընտրեց «Բայերի» տարբերակը: 17 մլն եվրո. այդքան են վճարել «դեղագործները» արգենտինական ակումբին տաղանդավոր ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:

Նյուբելը` Բավարիայի ֆուտբոլիստ
«Բավարիան» իր պաշտոնական կայքում հայտարարեց «Շալկե 04»-ի դարպասապահ Ալեքսանդր Նյուբելի հետ պայմանագրի կնքման մասին: Դարպասապահը մյունխենյան ակումբ կուղևորվի 2020 թվականի հուլիսի 1-ին: Նյուբելի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է 5 տարի ժամկետով

Մարիոն նախընտրեց Քաթարի առաջնությունը
Խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը «Յուվենտուսից» տեղափոխվեց Քաթարի «Ալ Դուհաիլ» ակումբ: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, տրանսֆերի գումարը կազմել է 5,5 միլիոն եվրո:

Ալենյան վարձավճարով կխաղա Բետիսում
«Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլես Ալենյան վարձակալական հիմունքներով հանդես կգա «Բետիսում»։ 21-ամյա ֆուտբոլիստը անդալուզական թիմում կմնա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Վար Բաբայան