ArmSport.am-ը շարունակում է ամփոփել հայկական թիմերի ելույթները Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո:
Հերթական անդրադարձը «Ուրարտուի» մասին է:
«Ուրարտու». 15 հանդիպում, 4 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 6 պարտություն
«Ուրարտուն», ինչպես «Փյունիկը», «իր տեղում» չէ: Հայաստանի ամենալավ ենթակառուցվածքներ ունեցող ակումբի գլխավոր թիմը դեռևս չի ուրախացնում իր ելույթներով:
Թիմը շատ անհաջող մեկնարկից հետո որոշակիորեն կայունացրել է խաղը` հատկապես վերջին հանդիպումներում և գտնվում է 8-րդ հորիզոնականում:
Իլշատ Ֆայզուլին` OUT, Ալեքսանդր Գրիգորյան` IN
Նոյեմբերի 24-ին մրցաշրջանի մեկնարկը տապալած Իլշատ Ֆայզուլինը, ըստ ակումբի հայտարարության, ընտանեկան խնդիրների պատճառով հեռացավ «Ուրարտուից»: Հաջորդ իսկ օրը հայտարարվեց Ալեքսանդր Գրիգորյանի նշանակման մասին:
Գրիգորյանը Ռուսաստանի ամենաճանաչված մասնագետներից մեկն է: Հայ մասնագետը, ով մոտ էր Հայաստանի հավաքականը գլխավորելուն, մշտապես աչքի է ընկնում կտրուկ մեկնաբանություններով: ԲԽ-ի և Գավաթի խաղարկության մեկական խաղերից հետո էլ կայացած ասուլիսներում նա արդեն հասցրել է աչքի ընկնել. մանրամասն` այստեղ:

Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ «Ուրարտուն» 2 հանդիպում է անցկացրել` 2-ն էլ ավարտելով ոչ-ոքի:
Կազմը
«Ուրարտուի» կազմը բավականին բալանսավորված է: Հիմնական կազմի հայ ֆուտբոլիստների և լեգիոներների համակցությունը, ճիշտ է, դեռևս արդյունավետ չէ, սակայն բավականին խոստումնալից է:
Համառ մրցակցություն է դարպասապահների միջև. Հայաստանի հավաքականի դարպասապահներ Արամ Հայրապետյանը և Անատոլի Այվազովը պայքարում են հիմնական կազմում լինելու համար: Առաջին շրջանում Արամը 8 հանդիպման է մասնակցել, Անատոլին` 6:
Հայ ֆուտբոլիստներից կայուն խաղաժամանակ են ստանում ավագ Արամ Բարեղամյանը, Ռոբերտ Դարբինյանը, նաև որոշակի վերապահումներով Նարեկ Պետրոսյանը, Հակոբ Հակոբյանը: Հիմնականում փոխարինման է մտնում Կարեն Մելքոնյանը: Այս ֆուտբոլիստներից սպասումները շատ մեծ են:

20-ամյա հեռանկարային Արսեն Սադոյանին մրցաշրջանի 2-րդ մասում նույնպես սպասում են շատերը: Թիմ վերադարձած փորձառու Արտակ Դաշյանը սպասված անուն է հայկական ֆուտբոլում:
Լեգիոներներից վառ անուններ կան, ովքեր թիմի առաջատարներից են` Էդվարդ Կպոդո, Եվգեն Բուդնիկ, Ռուբեն Ռամիրես, Եվգենի Կոբզար: Միլոշ Նիկոլիչը, Ադամու Աբդուլահին և Պապե Կամարան արդեն հեռացել են թիմից. ի դեպ, վերջինը տեղափոխվել է «Ալաշկերտ»:
ԲԽ-ի ընթացիկ առաջնությունում թիմի ռմբարկուն Եվգենի Կոբզարն է, ով 5 գոլ է խփել, 4 անգամ աչքի է ընկել Եվգեն Բուդնիկը:
Մի քանի համալրումները իրապես կուժեղացնեն «Ուրարտուի» կազմը:
Հայաստանի Գավաթ
«Ուրարտուն» շարունակում է պայքարը Հայաստանի Գավաթի ընթացիկ խաղարկությունում:
1/8 եզրափակչում «Փյունիկի» հետ դիմակայության 120 րոպեները գոլազուրկ ավարտ ունեցան` 0:0, իսկ «ուրարտացիները» 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին: Քառորդ եզրափակչում «Ուրարտուն» Կոբզարի միակ գոլի շնորհիվ հաղթահարեց «Լոռիի» արգելքը:

Առաջնային ու հեռահար նպատակները
«Ուրարտուի» նման թիմը պետք է մշտապես իր առջև ամենամեծ նպատակներն ունենա: Այս ակումբին անհրաժեշտ է կայուն հերթափոխ: «Ուրարտուից» սպասելիքները մեծ են նաև Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ ֆուտբոլիստներ մատակարարելու հարցում:
Այժմ դժվարություններով հագեցած իրավիճակ է ստեղծվել: «Ուրարտուի»` առաջիկա տարվա առաջին և թերևս ամենակարևոր նպատակը ԲԽ-ի հիմնական փուլում վեցնյակում տեղ զբաղեցնելն է: Ամեն դեպքում, ընդգծենք, որ հրաշքի դեպքում «Ուրարտուն» կհայտնվի լավագույն 6 թիմերի շարքում: Ներկա դրությամբ երևանյան թիմը 7 միավոր զիջում է 6-րդ տեղը զբաղեցնող «Նոային»: Փետրվարի վերջին մեկնարկելիք հիմնական փուլի 3 տուրերում «Ուրարտուի» մրցակիցներն են «Լոռին», «Երևանը» և «Արարատը»:

Մնում է հուսալ, որ Գրիգորյանի և «Ուրարտուի» համագործակցությունը արգասաբեր կլինի, իսկ ակումբի ակադեմիան համակարգված աշխատանքի շնորհիվ բարձր արդյունքներ կգրանցի:
Շարքի նախորդ մասերը
«Լոռի»
«Արարատ-Արմենիա»
«Ալաշկերտ»
«Արարատ»
«Շիրակ»
«Նոա»
«Փյունիկ»
Արման Առաքելյան