Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մել Դալուզյանի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու համար ՀՀ պետական բյուջեից 20 մլն դրամի ֆինանսավորում տրամադրելու որոշման մասին.
«Խոսում եք մի մարդու մասին, որը տարիներ շարունակ ամենաբարձր մակարդակով Հայաստանը ներկայացրել է միջազգային ասպարեզում, Հայաստանի հիմնը բազմիցս հնչեցրել է:
Մենք գումար ենք հատկացրել մեր չեմպիոնի կյանքի լուսաբանման համար: Ցավում եմ, որ լրագրողներն օգտագործում են տրանսգենդեր բառը: Այդ գումարը հատկացվել է մինչև իմ` նախարար դառնալը, բայց իմ`նախարար դառնալուց հետո ինձ համար ամենակարևոր սկզբունքներից մեկը եղել է ցենզուրա չսահմանելը մշակույթի ոլորտում:
Դեռևս ֆիլմը չտեսած, տեղեկություններ չհավաքած`ընկել եք գրավիչ վերնագրերի հետևից, ինչը կարծում եմ`լավ փորձ չէ ու լավ ավանդույթ չէ»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք` «Հայաստանի Ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը 2019 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարությունից ստացել է 160.148.800 ՀՀ դրամ դրամաշնորհ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ընկած ժամանակահատվածում կինոծրագրերի իրականացման համար։ Այդ դրամաշնորհից 20 մլն դրամ Ազգային կինոկենտրոնը տրամադրվել է «Մել» ֆիլմին: