Պարույր Սևակ 11 հասցեում սեպտեմբերի 25-ին կեսօրից ակտիվ եռուզեռ էր: Անգամ հասցեն հստակ չիմանալու դեպքում կարելի էր հեշտ կողմնորոշվել ու չկորչել. կուղղորդեին փոքրիկ ըմբիշների ձյուդոիստների խմբերը՝ իրենց գեղեցիկ մարզահագուստներով ու բարձր աղմուկ-աղաղակով:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում դեռևս 1968 թվականից գործող մանկապատանեկան համալիր մարզադպրոցն այսուհետ կունենա ձյուդոյի ու ըմբշամարտի համար նախատեսված առանձին՝ ժամանակակից չափանիշներին համապատասխան մասնաշենք:

Մարզադպրոցը մեծաքանակ սաներ ունի, ոչ միայն համայնքից, ոչ միայն Երևանից, այլև՝ մարզերից: Եվ առաջին անգամը չէ, որ մանկապատանեկան համալիր մարզադպրոցին կից բացվում է ևս մեկը: Դպրոցի տնօրեն Տիգրան Մարգարյանը բացման հանդիսավոր միջոցառումից առաջ հասցրեց հարցուպատասխան ունենալ լրագրողների հետ և պատմել, թե ինչպես, ինչ միջոցներով է կառուցվել այս մարզադպրոցը: Միտքը եղել է իրենը, օգնել են սպորտին նվիրված մարդիկ: Սպասվում է, որ նոր մարզադահլիճում կմարզվի մոտ 200 սան: Դահլիճում միաժամանակ մարզվել կարող է 30 երեխա:

«Այս մարզադահլիճի տեղում ժամանակին եղել է թիվ 120 դպրոցի դահլիճը: Այստեղ ավերակներն էին մնացել: 25 տարով վարձակալել եմ տարածքն ու ամեն ինչ զրոյից կառուցել», — ասում է Տիգրան Մարգարյանը:
ArmSport.am-ի այն հարցին, թե ինչ հաջողություններ են գրանցում այս մարզադպրոցի սաները՝ Տիգրան Մարգարյանը պատմեց, որ 2 ամիս առաջ Մարիուպոլ քաղաքում կայացած մրցաշարից վերադարձել են 3 ոսկե ու 4 բրոնզե մեդալով: Այս պահին էլ դպրոցի մարզիկներից Արմեն Հակոբյանը միջազգային մրցաշարի է մասնակցում Տամբովում, Աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիր է:

«Մեր նպատակը, որի համար գիշերուզօր աշխատում ենք առանց ջանք խնայելու, այն է, որ մեր սաները վաղը դառնան նոր արթուրալեքսանյաններ, արսենջուլֆալակյաններ, ռոմանամոյաններ»:
Արդյոք նոր կառուցված մարզադպրոցը ունի՞ ինչ-որ խնդիրներ, որոնց համար դեռևս հարկավոր է աջակցություն: Ոչ: Արդեն 10 տարուց ավել մարզադպրոցն ունի հովանավոր և աջակից — բարեկամներ: Միակ խնդիրը գնալով ավելացող սաների համար մարզումային տեղեր ապահովելն է:


Մարզադպրոցի բացմանը ներկա էին մարզաշխարհի անվանի ներկայացուցիչներ ու պետական պաշտոնյաներ: Մասնավորապես՝ հատուկ հյուրերի թվում էին Լևոն Ջուլֆալակյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Ռոման Ամոյանը, Արթուր Ալեքսանյանը, Մաքսիմ Մանուկյանը, բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը և այլք:

«Այսօր բոլորիս համար լավ օր է: Հաճելի է, որ նման միջոցառումներ են տեղի ունենում: Ուզում եմ բոլորիս շնորհավորել նման մարզադպրոցի վերանորոգման առթիվ: Տիգրան Մարգարյանի մոտեցումը շատ ողջունելի է: Այսպիսի քայլերը նպաստելու են, որ մեր երեխաները կտրվեն փողոցից, կարողանան ճիշտ դաստիարակություն ստանալ: Իսկ ճիշտ դաստիարակություն կարող են ստանալ նաև՝ ընտրելով որևէ սպորտաձև: Հուսով եմ՝ մարզադպրոցը շատ ու շատ լավ մարզիկներ է տալու, և մենք բոլորս միասին հպարտանալու ենք մեր մարզիկներով», — միջոցառման ժամանակ ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

Բացման արարողության ժամանակ ելույթ ունեցավ նաև ՀԱՕԿ նախագահի խորհրդական, նախկին ըմբիշ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը: Նա վստահություն հայտնեց, որ այս մարզադպրոցից անվանի մարզիկներ են դուրս գալու:
Նոր մարզադպրոցի բացման հանդիսավոր պահը վստահվեց հենց այն երեխաներին, որոնք մի քանի ժամ անց այստեղ սկսելու էին իրենց առաջին մարզումները:
Հռիփսիմե Գալստյան