ՀՖՖ-ն պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ, դատապարտելոց ադրբեջանական կողմի ռազմատենչության դրսևորումները ֆուտբոլային խաղադաշտերում:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ հավատարիմ միջազգային ֆուտբոլային ընտանիքի կողմից որդեգրված ֆուտբոլը չքաղաքականացնելու սկզբունքին, մինչ օրս զերծ է մնացել քաղաքական հայտարարություններ անելուց՝ կապված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետ։
ՀՖՖ-ն, պահպանելով ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից նմանատիպ իրավիճակների համար սահմանված կարգավորումները, բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ, որն առնչվում է Ադրբեջանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ղեկավար Ռամին Մուսաևի քաղաքական հայտարարություններին, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի կայքում 13-ամյա ադրբեջանցի ֆուտբոլիստ Շահրիյար Քուրբանովի մահվան մասին ապատեղեկատվության հրապարակմանը և ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Լեգիա»-«Ղարաբաղ» խաղից առաջ հայկական կողմի հնարավոր սադրանքի վերաբերյալ ԱՖՖԱ-ի կողմից ՈՒԵՖԱ ներկայացված դիմումին ։
Ի հակադրություն դրան, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան և այդ երկրի ակումբներն օգտագործում են ֆուտբոլային հարթակը խիստ քաղաքական հայտարարություններ անելու, փաստերը մանիպուլացնելու, ապատեղեկատվություն տարածելու, ֆուտբոլային դաշտում միլիտարիստական պահվածք դրսևորելու համար։ Այդ ընթացքում ադրբեջանական զինուժը ռմբակոծում է հայաստանյան բնակավայրերը, որտեղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կառուցել է դաշտեր՝ երեխաներին ֆուտբոլ խաղալու հնարավորություն տալու համար։ Դա, օրինակ, վերաբերում է Վարդենիսի տարածաշրջանի Մեծ Մասրիկ գյուղին, որտեղ արհեստական դաշտի կառուցումը հնարավորություն էր տվել բազմաթիվ երեխաներին զբաղվել ֆուտբոլով ։ Վերջին օրերին Մեծ Մասրիկը, ինչպես նաև Վարդենիսի ողջ տարածաշրջանը ռմբակոծում են, մարդիկ զրկված են բնականոն կյանքով ապրելու, երեխաները՝ ֆուտբոլ խաղալու հնարավորությունից, ինչը կարող է հանգեցնել հումանիտար աղետի։
ՀՖՖ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի նման գործելաոճը, հայտարարում է, որ հավատարիմ է մնում ֆուտբոլը չքաղաքականացնելու սկզբունքին, կոչ է անում միջազգային ֆուտբոլային ընտանիքի անդամներին տուրք չտալ ադրբեջանական կողմի քաղաքական հայտարարություններին և դատապարտել ռազմատենչության բոլոր դրսևորումները ֆուտբոլային խաղադաշտերում։
Հ․Գ․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ԱՖՖԱ-ի գործողությունների մասին տեղեկացրել է ՈՒԵՖԱ-ին, ՖԻՖԱ-ին և այդ կառույցների անդամ բոլոր ասոցիացիաներին»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է Վարդենիս համայնքի «Անդրանիկ» մարզադպրոցի ֆուտբոլիստ, 26-ամյա Լևոն Մեխակի Սևոյանը: