Երևանի «Ալաշկերտը» Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի համար խաղում մրցեց երկրի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ։ Թեժ պայքարում անցած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։
Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի ժամանակ էլ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Մայիսլոն Լիման 110-րդ րոպեին գրավեց Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասն ու ապահովեց իր թիմի ֆանտաստիկ հաղթանակն ու առաջին Սուպերգավաթը։
Հանդիպումը կայացավ Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Առաջին կեսում թիմերը բավականին ակտիվ գործեցին ու փոխանակվեցին խփած գոլերով։ 24-րդ րոպեին նախ բրազիլացի հարձակվող Գուստավո Մարմենտինին հեռահար գեղեցիկ հարվածով առաջ մղեց իր թիմին, 3 րոպե անց Արմեն Նահապետյանը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։
Մինչև առաջին կեսի ավարտը թիմերը մի քանի գոլային պահ ևս ունեցան, սակայն չկարողացան հաջողությամբ ավարտել։
Երկրորդ կեսն, արդեն, փոքր-ինչ պասիվ ընթացք ունեցավ։Այդուհանդերձ, 65-րդ րոպեին «Ալաշկերտի» հարձակվող Միհրան Մանասյանը եզրափակեց իր թիմի գեղեցիկ հակագրոհն ու առաջ մղեց իր թիմին։
Թվում էր՝ այսքանով ամեն ինչ ավարտվեց ու Հայաստանի գործող գավաթակիրը երկրորդ տարին անընդմեջ կնվաճի նաև Սուպերգավաթը, բայց Մինասյանի թիմը չէր պատրաստվում հանձնվել։
«Արարատ-Արմենիան» բաց թողած երկրորդ գոլից հետո նետվեց առաջ ու դարձյալ կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն դարպասի գրավումից հետո գրանցվեց խաղից դուրս իրավիճակ։
Բայց հաշիվը հավասարեցնել, այնուամենայնիվ, ստացվեց․ Վարդան Մինասյանի սաները հիմնական ժամանակին ավելացրած 2-րդ րոպեին կարողացան գրավել մրցակցի դարպասն ու փրկվել պարտությունից՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։ Արթուր Դանիելյանը դարձավ փայլուն գոլի հեղինակ։
«Ալաշկերտը», երկու անգամ հաշվի մեջ առաջ լինելով, պարտվեց 2։3 հաշվով, իսկ Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» կամային փայլուն որակների շնորհիվ իր պատմության մեջ առաջին դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր։
Նշենք, որ Հայաստանի Սուպերգավաթի պատմության մեջ առաջին անգամ հաղթողը կստանա պարգևավճար 2 մլն դրամի չափով։