Դատարանը դատավճիռներ է կայացրել 62-ամյա Քրիստոֆեր Էշֆորդի և 49-ամյա Շերի Բրեյի նկատմամբ, որոնք լուսանկարներ են արել մահացած ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի դիահերձման տեսանյութի հիման վրա, հաղորդում է The Sun-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ Բրեյը բանտում կնստի 1 տարի 2 ամիս, Էշֆորդը՝ 5 ամիս։ Դատապարտյալներն ընդունել են իրենց մեղքը։ Էշֆորդն ու Բրեյն ապօրինաբար ձեռք են բերել տեսագրությունը և լուսանկարի տեսքով տարածել համացանցում:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ի երեկոյան հարձակվողը մասնավոր ինքնաթիռով մեկնել է Ուելս, սակայն նախատեսված ժամանումից մեկ ժամ առաջ օդանավը ռադարներից անհետացել է: Ավելի ուշ որոնողական խումբը Լա Մանշի հատակին հայտնաբերել է ինքնաթիռը և մարմին, որը, ինչպես պարզվել է ավելի ուշ, պատկանել է Սալային: