Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք առաջիկա խաղերին Հայաստանի ազգային հավաքականում 18 համարի մարզաշապիկը, որը պատկանում է թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին, վստահվել է մեր թիմի նորեկ Վահան Բիչախչյանին։ Այս մասին հայտնի է դառնում ՀՖՖ-ի՝ այսօր հրապարակած նորեկների տեսանյութից։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, մեկնաբանելով հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների ընտրությունը, ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է.
«Բնականաբար, բոլորին հետաքրքրում է, թե ինչու է ցուցակից բացակայում Հենրիխ Մխիթարյանիանունը: Իմ հետ հեռախոսազրույցում նա նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումն («Սևիլյայի» դեմ) անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել լավ մարզավիճակում չէ: Հենրիխն ավելացրեց, որ այսպիսի վիճակում չի կարող ցուցադրել իր ողջ կարողությունները և խոստացավ հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին ու խաղալ 100 տոկոսանոց նվիրումով»:
Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 5-ին Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով, իսկ 3 օր անց կընդունի Էստոնիայի ընտրանուն: