Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցան մի շարք հետաքրքրիր տրանսֆերներ համաշխարհային ֆուտբոլում։ ArmSport-ը առաջարկում է ծանոթանալ վերջին շաբաթվա միջազգային կարևորագույն տրանսֆերային իրադարձություններին համառոտ։

Բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը կարիերան կշարունակի «Արսենալում», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Լոնդոնյան ակումբը երեք տարվա պայմանագիր է ստորագրել 32-ամյա ֆուտբոլիստի հետ:

Ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մաթյուիդին տեղափոխվեց «Ինտեր Մայամի», հայտնում է ակումբի Twitter-ի էջը: Մաթյուիդիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխությանը անդրադարձել է նաև ակումբի սեփականատեր Դևիդ Բեքհեմը: Անգլիացին գրառում է կատարել Facebook-յան իր էջում. «Բարի գալուստ, ընտանի՛ք, Բլե՛զ Մաթյուդի: Իմ բախտը բերել է, որ ես ժամանակին խաղացել եմ Բլեզի հետ Փարիզում ու տեսել եմ, թե ինչ ապշեցուցիչ խաղացող ու մարդ է նա: Այնպես որ, ես չեմ համբերում նրա գալուն, որպեսզի նա իր տաղանդը բերի մեր ակումբին: Բլե՛զ, դու հրաշալի մարդ ես ու կգտնես քո տունը Մայամիում քո ու քո գեղեցիկ ընտանիքի համար»,-գրել է Բեքհեմը:


Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն կարիերան կշարունակի «Վիլյառեալում»։«Ռեալը» և «Վիլյառեալը» համաձայնության են հասել ճապոնացի կիսապաշտպանի վարձակալության հարցում։

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը կարիերան կշարունակի «Օլիմպ-Դոլգոպրուդնիի» կազմում։ Նա նույնիսկ հասցրել է մասնակցել Ռուսաստանի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլի լիգայի (ՊՖԼ) երկրորդ տուրի՝ Իրկուտսկի «Զենիթի» դեմ խաղին (1-0)՝ փոխարինման դուրս գալով հանդիպման 76-րդ րոպեին:

Հունական «Օլիմպիակոսի» ձախ պաշտպան Կոնստանտինոս Ցիմակիսը տեղափոխվեց «Լիվերպուլ», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: 24-ամյա հույն ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել Յուրգեն Կլոպի գլխավորած ակումբի հետ: Տրանսֆերի արժեքը կազմել է 13 միլիոն եվրո:

«Վիլյառեալը» հայտարարել է նոր տրանսֆերի մասին: Թիմ է տեղափոխվել «Վալենսիայի» արդեն նախկին կիսապաշտպան Դանիել Պարեխոն: 31-ամյա ֆուտբոլիստը «Վալենսիայում» էր հանդես գալիս 2010 թվականից:

«Սաութհեմփթոնը» ձևակերպել է «Վալյադոլիդի» պաշտպան Մոհամեդ Սալիսուի տրանսֆերը, այդ մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։ 21-ամյա գանացի կենտրոնական պաշտպանի տրանսֆերի համար «սրբերը» վճարել են մոտ 12 միլիոն եվրո (10,0 միլիոն ֆունտ)՝ ակտիվացնելով պաշտպանի պայմանագրով նախատեսված հրաժարագինը: Խաղացողը «Սաութհեմփթոնի» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր:

«Սոչին» իր պաշտոնական կայքում հայտարարել է կիսապաշտպան Ժոաոզինյոյի տեղափոխության մասին: Բրազիլացի 31-ամյա կիսապաշտպանը հանդես կգա 22-րդ համարի ներքո:

«Բենֆիկան» հայտարարել է 3 ֆուտբոլիստի տրանսֆերի մասին։ Լիսաբոնյան ակումբին են միացել «Տոտենհեմի» նախկին պաշտպան Յան Վերտոնգենը, հարձակվող Էվերթոնը, որն ավելի վաղ հանդես էր գալիս «Գրեմիոյում», և Լուկա Վալդշմիդտը՝ «Ֆրայբուրգից»։ Վերջինիս տրանսֆերն արժեցել է 15 մլն եվրո, Էվերթոնինը՝ 20 մլն։ Վերտոնգենը թիմին անվճար բաժին հասավ, քանի որ ազատ գործակալի կարգավիճակ ուներ։

Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Նիկոլաս Գայտանը կշարունակի կարիերան Պորտուգալիայում: Նա տեղափոխվել է «Բրագա»՝ որպես ազատ գործակալ: Նախկինում 32-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել այնպիսի թիմերի կազմում, ինչպիսիք են «Բենֆիկան», «Աթլետիկոն», «Դալյան Յիֆանը», «Չիկագո Ֆայրը» և «Լիլը»: Նա նաև անցկացրել է 19 հանդիպում և 2 գոլի հեղինակ է դարձել Արգենտինայի հավաքականի կազմում:

«Լիլը» հայտարարել է «Գենտի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջոնաթան Դեյվիդի տեղափոխության մասին: Ֆրանսիական ակումբը հնգամյա պայմանագիր է կնքել 20-ամյա կանադացու հետ: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, տրանսֆերի արժեքը կազմել է 32 միլիոն եվրո:

«Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հեյբերգի հետ։ Տրանսֆերի գումարը կազմել է 15 միլիոն ֆունտ՝ գումարած հավելյալ բոնուսներ։

Անգլիայի Պրեմիեր լիգայի նորեկ «Լիդսի» պաշտոնական կայքը հայտնում է, որ հարձակվող Ջո Գելհարդտը պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ: Նրա պայմանագիրը ԱՊԼ-ի նորեկի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Գելհարդտը Անգլիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականների (Մ16, Մ17 և Մ18) կազմում մասնակցել է 27 խաղի և դարձել 19 գոլի հեղինակ:

«Մոնակոյի» լեհ կիսապաշտպան Կամիլ Գլիկը կարիերան կշարունակի իտալական «Բենևենտոյում», տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը: 32-ամյա պաշտպանը երեք տարվա պայմանագիր է ստորագրել Ա Սերիան ներկայացնող ակումբի հետ:

«Տոնդելայի» դարպասապահ Կլաուդիու Ռամուշը տեղափոխվել է «Պորտու», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: 28-ամյա դարպասապահը չորս տարվա պայմանագիր է կնքել պորտուգալական ակումբի հետ: Ռամուշը դիտարկվում է, որպես Իկեր Կասիլիասի փոխարինող, ով ավարտել է ֆուտբոլիստի կարիերան:

Հարավային Կորեայի հավաքականի կիսապաշտպան Հվանգ Ին-Բեոմը տեղափոխվեց Կազանի «Ռուբին», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Կորեայի հավաքականում Ին-Բեոմը խաղում է 2018 թվականից:

Լեգենդար բրազիլացի հարձակվող Ռիվալդոյի որդին՝ Ռիվալդինյոն, ռումինական «Վիտորուլից» տեղափոխվել է լեհական «Կրակովիա»։ Այդ մասին հայտնում է լեհական ակումբի պաշտոնական կայքը։ Ավելի վաղ Ռիվալդինյոն հայտնվել է Կիևի «Դինամոյի» հետաքրքրությունների ոլորտում, որի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ցանկանում էր ամրապնդել «Դինամոյի» հարձակման գիծը բրազիլացի հարձակվողի միջոցով: Ֆուտբոլիստին հավակնում էր նաև լեհական «Լեգիան», սակայն նա նախընտրեց կարիերան շարունակել «Կրակովիայում»։

«Սելթիկը» հայտարարել է «Վեսթ Հեմի» կենտրոնական հարձակվող Ալբիան Այետիի տեղափոխության մասին: Ըստ Transfermarkt-ի՝ գործարքի արժեքը կազմել է 5 միլիոն եվրո: Շոտլանդական ակումբը 23-ամյա շվեյցարացու հետ կնքել է քառամյա պայմանագիր:
Շարքի նախորդ մասերը