«Նոա» ՖԱ -ի կիսապաշտպան Արտյոմ Ֆիլիպպովն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Հայաստանում հայտնվելու, թիմում տիրող մթնոլորտի և ռոտացիաների, առաջնության, «Նոա»-ի անպարտելի շարքի ու ծրագրերի մասին:
— Արտյոմ, ինչպե՞ս կրկին հայտնվեցիր Հայաստանում: Մինչ այդ խաղացել ես «Ռոդինա»-ում, հիմա հանդես ես գալիս «Նոա»-ում: Ինչպե՞ս ես քեզ զգում այստեղ:
— Ինձ շատ լավ եմ զգում, հասցրել եմ ընտելանալ , Հայաստանի բարձր լեռնային, շոգ կլիմային, թիմի խաղային ոճին: Օգոստոսին ստացա հրավեր, հնարավորություն փոխել իրավիճակը, Ռուսաստանից տեղափոխվել Հայաստան… ընդհանուր առմամբ գոհ եմ, քանի որ Ռուսաստանի երկրորդ լիգայից եկա Հայաստանի Պրեմիեր լիգա՝ ավելի բարձր մակարդակ, որտեղ «աճելու և ավելացնելու» տեղ շատ կա, պետք է աշխատեմ ինձ վրա…
— Արդեն մասնակցել ես «Նոա»-ի 6 խաղերին, ինչպես ե՞ս գնահատում խաղդ: Նաև նախընտրածդ խաղային դիրքի մասին ի՞նչ կասես:
— Անկեղծ ասած, փոքր-ինչ անսովոր էր սկզբից, հատկապես առաջին խաղերը, չէի ասի, թե լավագույն խաղերն էին, միջին մակարդակի ֆուտբոլ ցուցադրեցի. այդ 6 խաղերը իրարից տարբերվում էին, որոշներում բավարարված էի, որոշ խաղեր ընդհանրապես ինձ դուր չեկան, երևում է, որ դեռ աշխատելու տեղ կա: Ինչ վերաբերում է խաղային դիրքին, ապա վերջին խաղերում հանդես եկա ինձ համար օպտիմալ դիրքում՝ թիմի նման դասավորության դեպքում: Կարող եմ ասել, որ դաշտի կենտրոնում պատրաստ եմ ցանկացած դիրքում խաղալ, և ընդհանրապես, հանդես եմ եկել տարբեր դիրքերում. պաշտպանության կենտրոնում, եզրում, միջին եզրայինի գոտում, միայն հարձակման գծում բախտ չի վիճակվել հանդես գալ: Ֆիզիկապես ինձ լավ եմ զգում, հասցրել եմ Ռուսաստանում առաջնության հենց սկզբից՝ հունիսից խաղալ և լավ մարզավիճակում եմ…
— «Նոա»-ի պահեստային նստարանը բավականին երկարել է, նույն միջին գծում ռոտացիայի հնարավությունները ավելացել են: Փոխգործակցությունը թիմակիցների հետ ինչպե՞ս կգնահատես:
— Բնականաբար, դա որոշակի ժամանակ է պահանջում, կարծում եմ, խաղից խաղ այս հարցում բարելավում է նկատվում: Ինչ վերաբերում է կազմի ռոտացիային, ապա հիմա շատ լավ կազմ ունենք, ինչը մեզ շատ կօգնի այսպիսի խիտ ժամանակացույցի պայմաններում, ամեն դեպքում, համոզված եմ, փոփոխություններից մեր խաղը չի տուժի:
— Հայաստանի Պրեմիեր լիգայից տպավորությունդ ինչպիսի՞ն է, այն թիմերից, որոնց արդեն հասցրել ես խաղալ: «Նոա»-ի շանսերը այդ համատեքստում ինչպիսի՞ն են, ըստ քեզ:
— Ռուսաստանի ՖՆԼ-ի համեմատ, Հայաստանի Vbet Պրեմիեր Լիգան, բնականաբար, ավելի ուժեղ առաջնություն է, շատ են անհատական բարձր վարպետություն ունեցող, ֆիզիկապես ուժեղ ֆուտբոլիստներ, որոնց դեմ խաղալը հետաքրքիր է, անհատական պայքարն է այստեղ շատ, ինչը մեծ առավելություն է: Ինչ վերաբերում է «Նոա»-ի շանսերին, վերջին խաղերում արդեն անհամեմատ լավ է, «Արարատ»-ի հետ վերջին խաղում էլ, կարծում եմ, պիտի հաղթեինք…Կունենայինք չորս անընդմեջ հաղթանակ, ընդհանուր առմամբ էլ արդյունքները բավականին գոհացնող են, համոզված եմ՝ ի զորու ենք պայքարել ամենաբարձր տեղերի համար:
— Իսկ ո՞րն է պատճառը, որ արդեն որերորդ խաղն է՝ թիմը ցուցադրում է տարբեր ֆուտբոլ հանդիպումների առաջին և երկրորդ խաղակեսերում:
— Տարբեր գործոններ են ազդում՝ հոգեբանական նաև: Մենք վերահսկում ենք խաղը, հաջողում ենք երկու գոլ խփել, ինչպես, օրինակ, «Արարատ»-ի դեմ խաղում, սկսում ենք մտածել հաշիվը պահելու մասին, անցնում պաշտպանական ֆուտբոլի, ինչի արդյունքում մեր խաղը «կոտրվում է», իսկ մրցակիցը փոխում է խաղաոճը, ուժեղ պրեսսինգ կիրառում, իսկ մենք չենք դիմանում ճնշմանը, սկսում երկար փոխանցումներով խաղալ, գնդակներ կորցնել, արդյունքում՝ երկու բաց թողած գոլ և ցավալի ոչ ոքի…
— Ինչպե՞ս են ընթանում մարզումները «Նոա»-ում, ըստ քեզ, որովհետև, կարծես, ոչ ամեն բան է հաջողվում իրականացնել հետո խաղադաշտում: Նաև ծանր խաղերից հետո ինչպե՞ս է հաջողվում վերականգնվել:
— Դե բնական է, այդպես հաճախ է լինում, մարզումները և խաղերը տարբեր են, ինչ-որ տեղ դիմադրությունն է տարբեր, արագությունները, մարզումների ժամանակ ստացվում է ամեն ինչ, իսկ հետո խաղին դա չես տեսնում, ազդում է մրցակցի ճնշումը, սխալվելու վախը, հաղթանակի կարևորությունը… Իսկ վերականգնման մասով, փորձում ենք առավել որակյալ վերականգնում իրականացնել, մանավանդ որ հիմա խիտ ժամանակացույց ունենք խաղերի: «Արարատ»-ի հետ խաղից հետո մեկ օր հանգիստ ունեցանք, հետո՝ վերականգնողական պարապմունք, և երկուշաբթիից արդեն երկու օր լիարժեք կպատրաստվենք հաջորդ խաղին:
— Առաջիկա՝ Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ի դեմ խաղից ի՞նչ ակնկալիքներ ունես: Կկարողանա՞ «Նոա»-ն շարունակել անպարտելի խաղերի շարքը:
— Կարծում եմ, իհարկե, հնարավոր է դա, ես, առայժմ, այստեղ չեմ տեսել ինչ-որ «սուպեր թիմերի», որոնց հնարավոր չէ հաղթել: «Ալաշկերտ»-ի խաղը դեռ չեմ տեսել, բայց առաջնության գործող չեմպիոնն է, ինչը ենթադրում է շատ որակյալ թիմ… Ներկայում նրանց մոտ գործերն այնքան էլ լավ չեն, բայց դա, երևի, նորմալ է, հաշվի առնելով, որ թիմը պայքարում է երկու ճակատով: Ամեն դեպքում, համարում եմ, որ ցանկացած մրցակցի կարող ենք հաղթել՝ լավ տրամադրվածության և ճիշտ պատրաստվածության դեպքում:
— Եվ վերջում, ինչ նպատակներ ես դնում քո առջև՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ:
— Հիմա չեմ ցանկանում գուշակել, թե ինչպես կծավալվի ֆուտբոլային կարիերաս: Այս պահին նպատակս մեկն է ՝ առավելագույն բարձր տեղ գրավել առաջնությունում, իսկ հետո արդեն պարզ կլինի, ամեն ինչ կարող է տարբեր ընթանալ… սկզբունքորեն, Հայաստանում ինձ դուր է գալիս, և ինչու չմնալ այստեղ: Ամեն ինչ կախված կլինի խաղից, որ կցուցադրեմ ես և թիմը: